Epress.am-ը գրում է.
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր իր գործով հերթական դատական նիստին ներկայացել էր սև շապիկով, որի վրա սպիտակ տառերով գրված էր․ «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ»։
Դահլիճում գտնվող նրա մարտական ընկերները և համակիրները ծափահարություններով ու «Մենք քեզ հետ ենք» կոչերով են դիմավորել Ավետիսյանին։
Կառաշք վերցնելու մեջ մեղադրվող, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվել են վկաներ Անժելա Պողոսյանը, նրա ամուսինը՝ Ալբերտ Մաթոսյանը և նրանց դուստրը՝ Անահիտ Մաթոսյանը։
Մաթոսյանը պատմել է, որ 2013 թվականի հունիսին ծրագրավորողի մասնագիտություն ունեցող որդուն անսպասելի զորակոչել են Մատաղիսի զորամաս, իսկ ավելի ուշ իրենք «այս ու այն կողմից» լսել են, որ զորամասը շատ վատն է։
Նա նշել է, թե կինը ստիպել է իրեն տանել Մատաղիս՝ որդուն տեսության, սակայն, հասնելով զորամաս և համոզվելով, որ որդին անմարդկային պայմաններում է ծառայում, ընկճված վերադարձել են տուն և որոշել ինչ-որ կերպ տղային տեղափոխել այլ զորամաս։
Կինն այդ մասին զրուցել է իր համակուրսեցի Ծովինարի հետ, վերջինս էլ խոստացել է օգնել, իսկ մի քանի օր անց առաջարկել է եղբոր՝ Վոլոդյա Ավետիսյանի օգնությունը՝ նշելով, թե նա զինծառայող է և միգուցե կարողանա ինչ-որ կերպ աջակցել։
Վկան իր խոսքում ասել է, իրենք ցանկություն ունեին տղային այլ վայր տեղափոխել և Ծովինարից վերցրել են Ավետիսյանի հեռախոսահամարը և, ըստ պայմանավորվածության, հանդիպել Ազատության հրապարակում։
Զրույցի ընթացքում պարզվել է, որ Ավետիսյանը տղային այլ զորամաս տեղափոխելու հնարավորություն չունի։ Մաթոսյանը նշել է, որ իրենք հենց սկզբից գումար տալու մտադրություն չեն ունեցել։
Մաթոսյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց տղան զանգահարել է տուն և ասել, թե իրեն շատ պատահականորեն տեղափոխել են մեկ ուրիշ զորամաս, իսկ ավելի ուշ Ռազմական ոստիկանության երեք աշխատակիցներ այցելել են իրենց՝ կնոջն ու իրեն բերման ենթարկել։
Արդեն ՌՈ-ում իրեն ու կնոջը պահել են առանձին սենյակներում, իսկ գիշերվա ժամը 01։30-ի սահմաններում ազատ են արձակել։ Մոտավորապես նույնը պատմել է նաև Մաթոսյանի կինը։
Դատախազը միջնորդել է հրապարակել վկաների նախաքննական ցուցմունքները և նկատել, որ դրանցում առկա են էական հակասություններ։ Մասնավորապես, Պողոսյանը նախաքննության ընթացքում ասել է, որ Ավետիսյանն ամուսնուց 500 դոլար է պահանջել՝ նույն զրամասում ավելի թեթև ծառայության անցնելու դիմաց, սակայն այժմ ասում է, թե ամուսինն իրեն նման բան չի պատմել։
Հարցաքննության արձանագրությունում ասված է, որ իրենց ՌՈ են տարել 19։15-ի սահմաններում, այնտեղից դուրս եկել ժամը 21։50-ին, սակայն այսօր վկան նշել է, թե ՌՈ-ում մնացել են մինչև ժամը 01։30-ը։
Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին՝«արդյոք արձանագրությունում նշված ժամը համապատասխանում է իրականությանը», վկան պատասխանել է՝ «երևի չէ, չի համապատասխանում իրականությանը»։
Մյուս վկաները, որոնցից, ըստ մեղադրանքի, Ավետիսյանը 2000 դոլար է պահանջել, պետք է ներկայանան հաջորդ դատական նիստերից մեկին։
Նշենք, որ մինչ դատական նիստը ազատամրտիկ Ստեփան Ստեփանյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ Ավետիսյանի աջակիցներին մշտապես սպառնում են, ինչի հետևանքով իրենց ընկերներից մեկը բավական երկար ժամանակ չկա, և իրենք չգիտեն նրա գտնվելու վայրը։
Մանրամասները՝ տեսանյութում