Էստոնիայում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Իսպանիայի հավաքականը ոչ մի անակնկալի հնարավորություն չթողեց և 6-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց տվյալ տարիքային խմբում Եվրոպայում լավագույնի տիտղոսը:
Այն, որ նրանք ֆավորիտներ էին, ակնհայտ էր, իսկ ավագ ընկերների հաղթանակն էլ լրացուցիչ ոգևորություն և պարտավորության զգացում հաղորդեց պատանի իսպանացիներին: Հերթական տիտղոսը կարող է բերել իր հետևից ևս մեկը օլիմպիական խաղերում, ամեն դեպքում իսպանացիները դժվար առանց ջանքերի բաց թողնեն շղթայի հերթական օղակը: Իսկ որ այս կազմը ապագայում լրջորեն կպայքարի ոչ միայն օլիմպիական մեդալների, այլ առավել հեղինակավոր տիտղոսների համար, դա կասկածի տակ չի առնվում:

«Լա Ռոխիտան» /այսպես են անվանում իսպանացիները իրենց պատանեկան հավաքականներին/, նույն այն հավաքականը, որի հետ մայիսի վերջին մրցեց նաև մեր  պատանեկան հավաքականը և պարտվեց, բավականին վստահ անցկացրեց մրցաշարը: Ավելի շուտ ձեռագիրը գրեթե նույնն է, ինչ մեզ ավելի ծանոթ ազգային հավաքականի դեպքում: Իսպանացիները առաջնության 5 խաղերից հաղթել են 3-ում, երկուսը` ոչ-ոքի ավարտել` մի դեպքում առավելության հասնելով 11 մետրանոցներով: Եզրափակիչում իսպանացիները բազում փորձերից հետո կարողացան գտնել հույների դարպասը տանող ճանապարհը: Առավել ուշադրության արժանի են պատանի իսպանացիների անհատական ցուցանիշները: Չեմպիոնների առաջատար հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու` 5 գոլերով: Գոլային փոխանցումների թվով էլ առաջատարները իսպանացիներն էին` Պակո Ալկասերը և Ժերար Դելոֆեն` 3-ական գոլային  փոխանցումներով: Ուսումնասիրենք Եվրոպայի նորաթուխ չեմպիոնների նորաթուխ ֆուտբոլիստներին` միաժամանակ փորձելով տարիներ առաջ ճանաչել ապագա աստղերին:


Դարպասապահ` Կեպա Առիսաբալագա:

Իսպանացիների 17-ամյա դարպասապահը Բիլբաոյի «Ատլետիկի» կանտերանո է: Բասկ պատանին մինչ այս Մ-18 հավաքականի կազմում մասնակցել էր «Կոպա Ատլանտիկո» մրցաշարին, որից հետո պարբերաբար հրավիրվել է պատանեկան հավաքական: Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանի վերջին խաղում Կեպան Մարսելո Բիելսայի կողմից հրավիրվել է նաև «Ատլետիկի» առաջին թիմ, սակայն հետևել է խաղին պահեստայինների նստարանից: Առիսաբալագայի համար այս մրցաշարը հիանալի հնարավորություն էր աչքի ընկնելու համար, և նա օգտվեց այդ հնարավորությունից: Կեպան կիսաեզրափակիչում հետ մղեց ֆրանսիացիների երկու 11 մետրանոցները և լուծեց եզրափակիչ դուրս գալու հարցը: Պատանի դարպասապահին կարող եք նաև հետևել թվիթերում :



 

 


Ալեխանդրո Գրիմալդո, պաշտպան

Ալեխանդրո Գրիմալդոն ամենափոքրն էր «Լա Ռոխիտայի» կազմում` 16 տարեկան: Ձախ պաշտպանը 13 տարեկանից ընդգրկվել է «Բարսելոնայի» ակադեմիայում, իսկ 2011թ. սեպտեմբերի 4-ին իր առաջին խաղն է անցկացրել «Բարսելոնա-Բ»-ի կազմում: Այդ պահին նա 15 տարեկան 349 օրեկան էր, և դարձավ Սեկունդայի ողջ պատմության մեջ դաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը: Գրիմալդոն շատ դինամիկ խաղացող է, և կատալոնյան մարզիչները նրան դիտարկում են որպես ապագա ձախլիկ Դանի Ալվեշ: Գրիմալդոն հանդես է եկել Իսպանիայի Մ-16 և Մ-17 տարեկանների հավաքականներում, իսկ Էստոնիայում տաղանդավոր պաշտպանը հաղթական թիմի անբաժան մասնիկներից մեկն էր: Գրիմալդոյի հետ նույնպես կարող եք կապ հաստատել` ֆեյսբուքում և թվիթերում:

Խոնաս Ռամալյո, պաշտպան
Խոնաս Ռոմալյոն` 19-ամյա աջ պաշտպանը, միաժամանակ Իսպանիայի և Անգոլայի քաղաքացիություն ունի: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նա Բիլբաոյի «Ատլետիկի» 100-ամյա պատմության մեջ առաջին սևամորթ, այսինքն նաև ոչ բասկ խաղացողն է: Ռոմալյոն հաջողությամբ հանդես է գալիս «Ատլետիկ-Բ»-ում, իսկ մեկ անգամ էլ մասնակցել է Լա Լիգայում «Սևիլիայի» դեմ խաղին, իհարկե, ընդամենը 5 րոպե: Աջ պաշտպանը նվաճեց Մ-19 Եվրոպայի առաջնության իր երկրորդ տիտղոսը, քանի որ անցած տարի նա նույնպես չեմպիոնական կազմի անդամ էր: Նրա փորձն ու անհերքելի տաղանդը կարևոր դեր խաղացին իսպանացիների հաջողություններում: Ահա և թվիթերը:




 

 

 


Դենիս Սուարես, կիսապաշտպան

18-ամյա Դենիս Սուարեսը արդեն 1 տարի համարվում է «Մանչեսթր Սիթիի» խաղացող: Նախքան Անգլիա մեկնելը` երիտասարդ կիսապաշտպանը խաղում էր Վիգոյի «Սելտայում»: Անգլիայում Սուարեսը 2012-ին երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվեց Սիթիի լավագույն երիտասարդ խաղացող: Այստեղ նրան տեսնում են որպես Դավիդ Սիլվայի փոխարինող: Դենիսը խաղում է կիսապաշտպանությունում և կատարում է կազմակերպչի դեր, լավ է տեսնում խաղադաշտը, ճշգրիտ է կարճ փոխանցումներում, կարողանում է տեմպ հաղորդել խաղին: Կիսապաշտպանը խաղացել է տարբեր մակարդակների պատանեկան հավաքականներում, Էստոնիայում էլ կարևոր դեր խաղաց հաղթանակի կերտման գործում: Այս մրցաշրջանում Սուարեսը կարող է վարձավճարով հանդես գալ հոլանդական «Ֆեյենորդում», սակայն արդեն իսկ պարզ է, որ երկու-երեք տարի անց Սուարեսը կդառնա քաղաքաբնակների գլխավոր աստղերից մեկը: Դենիսը`թվիթերում:
Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել