Pastinfo.am-ը գրում է.

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում լսեց ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դեմ լրագրողների  պահանջը և բացատրությունը:

Այս մասին դռնփակ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի  նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը` հավելելով. «Կլսենք նաև Առաքել Մովսիսյանին, այնուհետև Էթիկայի հարցերով հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում»,- ասաց նա:
 
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր հանձնաժողով էին հրավիրվել ընդդեմ Ա.Մովսիսյանի դիմողները` «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Ilur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը, «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը և «Civilnet.am»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը: Սակայն պարզաբանումներ տվեցին միայն երեքը: Աննա Եղիազարյանը վերջերս մայրացել է և խնամում է իր նորածնին:

Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:

Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն
խնդրի լրագրողներից,  սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել  Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հայտնեցին, որ իրենք  ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:
 
Դիմումում մասնավորապես ասված է, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:
 
Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
 
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»:
 
Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաև լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:
 
Պարզաբանումներ տված լրագրողները` ի պատասխան իրենց գործընկերների հարցերի, հրաժարվեցին մանրամասներ հրապարակել դռնփակ նիստից, հայտնելով, որ պետք է սպասեն հանձնաժողովի որոշմանը և ըստ այդմ հետևություններ կանեն` չբացառելով, որ միգուցե հանդես կգան հայտարարություններով:

Հանձնաժողովում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ թեև որոշում դեռ չի կայացվել, սակայն ինքը, բնականաբար, ունի իր կարծիքը. «Առաջին անգամը չէ, որ իշխող մեծամասնության կողմից խորհրդարանի դահլիճում տեղի են ունենում տարատեսակ հայտարարություններ կամ հնչում բառեր, որոնք չեն համընկնում էթիկայի որևէ նորմի հետ: Այստեղ կոնկրետ կուսակցության վերաբերմունքի դրսևորման որևէ խնդիր չկա, կա իրավական մոտեցում, կա խնդիր, որ եթե պատգամավորը, նախարարը կամ պետական պաշտոնյան չի կարողանում իրեն զսպել և դրսևորել իրեն որպես պետական պաշտոնյա, ուրեմն, բնական է` առնվազն պետք է տրվի գնահատական: Իսկ Էթիկայի հանձնաժողովը  գնահատական տալուց բացի այլ իրավական լիազորություններով օժտված չէ: Երկրորդ` արդեն հասարակությունը պետք է իր կարծիքը հայտնի այս հարցերի շուրջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել