Ալթին VS Դրամ. ի՞նչ կլինի առաջինի հայտնվելու դեպքումArmnewstv.am-ը գրում է.

2015-ից գործարկվող Եվրասիական տնտեսական միության տարածքում կլինի՞ մեկ արժույթ, թե՞ ոչ: Հարցը վերջին օրերին լրատվամիջոցներում ամենաքննարկվողներից է: Նույնիսկ անվանումն են շրջանառում` ալթին: Թաթարերենից այն թարգմանում են ոսկի, ալթին կոչվող մետաղադրամներ թողարկում էին նաև Պետրոս 1-ի օրոք: 21-րդ դարում ալթին կշրջանառվի, թե ոչ հայտնի կդառնա մինչև 2025 թվականը: Դա Եվրասիական միության երկրների ֆինանսական շուկաների ինտեգրման վերջնաժամկետն է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի պնդմամբ` այն հանգամանքը, որ միասնական տնտեսական միությունը 2015-ից է գործելու, չի նշանակում, որ միանգամից շրջանառության մեջ կդրվի մեկ ընդհանուր արժույթ: Դա նաև չի նշակում, որ հետագայում Մաքսային միության երկրները պարտավոր կլինեն հրաժարվել իրենց ազգային արժույթներից, օրինակ` ռուբլուց կամ ղազախական թենգեից ու կանցնեն ալթինին: Դա նշանակում է, որ իրավիճակը ռիսկային չէ նաև հայկական դրամի համար, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: Ժամկետը ամենայն հավանականությամբ կհստակեցվի մինչև այս ամսվա վերջ, ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք ՄՄ երկրների ղեկավարների հանդիպմանը:

ՄՄ-ին ինտեգրվելու ճանապարհային քարտեզի միջոցառումների ավելի քան 70 տոկոսն արդեն իրականացվել են: Թեև ամենակարևորներից մեկը` 900 անվանմամբ ապրանքների համար մաքսային սակագները վերջնականապես դեռ չեն հստակեցվել:

Մաքսային վարչարարության համապատասխանեցման գործընթացները ևս դեռ շարունակվում են: Ժամանակից առաջ էլ չենք ընկնում: Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, երբ ամբողջապես պատրաստ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել