Panorama.am-ը գրում է.
Ձկնարտադրության ոլորտում լիցենզավորման օրենքով հայ ձկնարտադրողները մեծ կորուստներ կկրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Նա նաև հավելեց, որ այժմ ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է որոշակի լիցենզավորման գործընթաց անցնել, ինչը ճիշտ մոտեցում չի համարում:
Ըստ նրա` առանց ձկնաբույծների հետ քննարկելու, համաձայնեցնելու, նման որոշում են կայացրել, մինչդեռ ձկնաբուծության լիցենզավորման գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը և այլ կարևոր հարցեր:
Ա.Աթոյանը նշեց, որ լիցենզիա ստանալու համար ձկնաբուծական ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ, ինչը
բավականին մեծ գումար է: Բացի այդ, լիցենզավորման համար տնտեսությունները պետք է բավարարեն այնպիսի նորմատիվ պահանջների, որոնց պարտադիր լինելը, ըստ նրա, ևս հիմնավորված չէ:
Միության նախագահն ասաց, որ առանց գիտական հիմնավորումների 10 անգամ թանկացրել են ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրերը. «Հարց է առաջանում` ինչո՞ւ տասն անգամ, եթե ոչ երկու կամ երեք անգամ: Սա նշանակում է, որ թանկացումներ կլինեն: Այսօր արդեն ինձ ահազանգել են, որ օգտագործվող ջրերի թանկացման հետ կապված երեք ձկնային տնտեսություններ դադարեցնում են իրենց գործունեությունը: Գործընթացը դեռ նոր է սկսվել, մենք ավելի շատ աշխատատեղեր կկորցնենք, մեր երբեմնի եկամտաբեր բիզնեսն դարձել է անեկամտաբեր, շատերը մտադիր են իրենց բիզնեսը վաճառել կամ դադարեցնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



