Երեկ անդրադարձել էի Վարդան Մինասյանի գանգատին՝ ընդդեմ Հայաստանի, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում բավարարվել է մասնակի: ՄԻԵԴ-ն այդ գործով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտում է արձանագրել և սահմանել 6 հազար եվրոյի փոխհատուցում: 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով արձանագրված խախտումները խնդրո առարկա ժամանակահատվածում կրել են համակարգային բնույթ, դրանց վերաբերյալ Եվրոպական դատարանն արդեն իսկ կայացրել է մի քանի վճիռներ, իսկ բուն խնդիրները համակարգային մակարդակում Հայաստանի վճռաբեկ դատարանի կողմից դեռևս հինգ տարի առաջ են լուծվել: Եվրոպական դատարանը, ցավոք, Վ.Մինասյանի գործով, անհասականալի պատճառով չի անդրադարձել Վճռաբեկի կողմից համակարգային բնույթ ունեցող խնդրի լուծմանը, ինչն արել է տարբեր ժամանակներում տարբեր գանգատների քննության ընթացքում: Բայց կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք, այն է՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի մասով բողոքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանն այդ կետով արձանագրել է խախտման ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ: Այս կետն ամենակարևորներից էր գանգատում, որի մերժումը հանրությունից դեռևս պահվում է ՄԻԵԴ գործը հրապարակայնացնողների կողմից: Գուցե նրանց այդքան էլ չի հետաքրքրում կարևոր այս հանգամանքը, բայց փաստ է, որ մինչև Եվրոպական դատարանի կողմից ՄԵՐԺՈՒՄԸ՝ այդ մարդիկ անդադար խոսում էին ու դեռ շարունակում են խոսել խափանման միջոց կալանքի կիրառման՝ իբր հիմքերի բացակայության մասին: Եվրոպական դատարանն էլ փաստեց, որ կալանքի հիմնավորվածության առումով Հայաստանը որևէ կանոն չի խախտել, փաստեց, որ կալանքի բովանդակությունը համապատասխանում է Կոնվենցիային: Թե այսքանից հետո գանգատաբերները որքան դեռ կխոսեն իրենց «հաղթանակի» մասին, դժվար չէ կռահել, բայց դժվար չէ կռահել նաև, որ նրանք խուսափելու են խոսել ամենակարևորի մասին, որտեղ վերջիններս պարտություն են կրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/10200920829141327?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել