Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Վարդան Մինասյանի գանգատն ու Հայաստանին ճանաչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտող: Որպես փոխհատուցում էլ սահմանել է 6 հազար եվրո: Հետաքրքիրն այս գործում այն է, որ ՄԻԵԴ-ը կարծես անտեսել է Վճռաբեկ դատարանի 2008 և 2009-ը թվականներին հրապարակված երկու որոշումներ, որոնցում, փաստացի, դեռևս 5 տարի առաջ Հայկական բարձրագույն դատական ատյանն ասել էր այն, ինչ հիմա ասում է ՄԻԵԴ-ը: Վճռաբեկն էլ Մինասյանի կալանքը համարել էր անօրինական և օրենքի բացի հարցը կարգավորել միասնական պրակտիկայով: Մասնավորապես նախաքննության մարմնինների համար սահմանել է, որ գործը պետք է դատարան ուղարկվի մեղադրյալի կալանքի վերջին ժամկետի ավարտից առնվազն 15 օր առաջ: Նկատեմ, որ օրենսդիրը նման կանոն չի սահմանել, և օրենսդրության առումով դեռևս հարցը կարգավորված չէ: ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներում հղում է անում ներպետական բարձրագույն դատական ատյանի որոշմանն (մի քանի գործով նաև ՀՀ-ի ՎԴ որոշմանը) ու ասում, որ թեև ներպետական օրենսդրության ներկայիս կանոնը հակասում է Կոնվենցիային, բայց երկրի բարձրագույն դատական ատյանը լուծել է պրակտիկ կիրառման հարցը, այդքանով էլ համարում է հարցը լուծված: Ինձ համար, որպես իրավաբան, առնվազն անհասկանալի է, թե ինչու ՄԻԵԴ-ն այս դեպքում էլ հղում չի արել վերոգրյալ երկու Որոշումներին: Վճռի տեքստում այդպիսի հղումը տարօրինակ կերպով բացակայում է: Ինչևէ, կարևորն այստեղ այն է, որ մինչև ՄԻԵԴ-ի կողմից խախտող ճանաչելը, ներպետական բարձրագույն ատյանը հարցը վաղուց լուծել է:

Ու մի կարևոր նկատառում էլ, ՎԴ որոշման հիմքով ակնհայտ է դառնում, որ փոխհատուցման հայց կարելի էր նաև ներկայացնել ներպետական դատական ատյաններում: Համ ժամանակ չէր կորի, համ էլ՝ մեր հարցերը ներսում կկարգավորվեր, հատկապես, որ Վճռաբեկ դատարանն արդեն խախտումը ճանաչել էր հինգ տարի առաջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել