Ճիշտն ասած՝ մարդկայնորեն ցավում են այն նոր նախագահի համար, ով պիտի գլխավորի Ուկրաինան՝ մայիսի ընտրություններից հետո: Քայքայված ու դեֆոլտի հասցված հսկա մի երկիր, որին նույնիսկ ԱՄՆ-ի նման հարուստ երկիրը զլացավ իր խոստացած մեկ միլիարդը տալ: Իսկ Եվրոպան վաղուց մոռացել է իր խոստումները ոսկու լեռների տեսքով, որ անում էին Մայդանի օրերին: Կատարված դեպքերի հանրագումարը երբեք էլ Ուկրաինայի օգտին չէ: Այն նույնիսկ Արևմուտքի օգտին էլ չեղավ: Շահեց միայն Ռուսաստանը՝ վերադարձնելով իր համար ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող Ղրիմը:
Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, կարող է կրկնվել նաև այլ տարածաշրջաններում՝ մասնավորապես Կովկասում, որտեղ իրադրությունը գերլարված վիճակում է: Այստեղ հավանական սցենարը կլինի ռուսների ներքին գաղտնի համաձայնությունները Ադրբեջանի հետ: Հանգամանքը, որ Ադրբեջանը բացահայտ չի հայտարարում ՆԱՏՕ մտնելու մասին, արդեն մտահոգիչ է մեզ համար: Մտահոգիչ է նաև նրա զինումը Ռուսաստանի զենք ու զրահով:
Շատ մտահոգիչ է նաև Իրանի պահվածքը մեր նկատմամբ: Նա նախկինի պես այլևս բացահայտորեն մեր կողմից չէ: Չի բացառվում որ նա էլ է Ադրբեջանի հետ սիլի բիլիների մեջ: Թույլ օղակը Կովկասում մնում ենք մենք ու հնարավոր բոլոր առևտրական գործարքների համար որպես պոտենցիալ մանրադրամ էլի մենք ենք հանդես գալու, ինչպես դա տեղի ունեցավ անցած դարասկզբին:



