Երբ շատ փոքր չէր նա և դեռևս շատ մեծ էլ չէր, ապրում էր իր համար, ուրախանում ուրիշի ուրախություններով ու տխրում, երբ իր շուրջ և աշխարհում վատ բան էր կատարվում։ Նա սիրում էր այն ամենը, ինչ գեղեցիկ է ու վեհ, ազնիվ է ու բարի։ Երբեք ոչ մեկին չէր խաբում, երբեմն սխալվում էր, բայց միայն ինքն էր տուժում իր սխալներից։ Ուրիշ ոչ ոք։
Երբ շատ փոքր չէր նա և դեռևս շատ մեծ էլ չէր, ուզում էր մի ինչ-որ լավ բան անել մարդկանց համար։ Բայց դեռևս չգիտեր, թե ինչ...

...Անցան շա՜տ տարիներ։ Երկու տասնյակ գարուններ ու ձմեռներ անցան աշխարհի վրայով։ Շա՜տ բան փոխվեց աշխարհում, բայց նա երբեք չդավաճանեց պատանեկության իր երազանքներին։ Նա շարունակեց սիրել գեղեցիկն ու վեհը, ազնիվն ու բարին։

Նա մտածում էր, որ այդպես էլ չկարողացավ մի ինչ-որ մեծ և լավ բան անել մարդկանց համար։ Միշտ օգնում էր շատերին և ոչ մեկին չէր խաբում։ Նա նմենևին չէր էլ մտածում, որ ինքը օգնում է ուրիշներին, նա մտածում էր միայն, որ այդպես էլ պիտի լինի, այլ կերպ հնարավոր չէ։ Իսկ շատերը խաբեցին նրան, երբեմն նաև նրանք, որոնց ինքը օգնում էր, որ չընկնեն։ Իսկ նա դեռ շարունակում էր հավատալ մարդկանց, շարունակում էր սիրել մարդկանց։ Հարվածեցին նաև թիկունքից, բայց նա երբեք չընկավ, և աշխարհը նրա համար շարունակում էր մնալ անսահման գեղեցիկ ու ցանկալի...

Ու մի օր նրան խաբեց նա, ում ինքը հավատում էր աշխարհի, հավատում էր տիեզերքի չափ։ Դա ամենամեծ հիասթափությունն ու ամենամեծ հարվածն էր ողջ կյանքում։ Նրա մեջ մի ինչ-որ շատ մեծ բան սպանվեց, և նա մտածեց, որ ինքը սխալ է ապրել։ Հասկացավ նաև, որ կյանքը, իրականությունը միշտ էլ չար ու դաժան է եղել, բայց իր մեջ կար լուսավոր ու անսահման պայծառ մի բան, որ պահում էր իրեն, և կոչվում է Սեր։ Սեր՝ հարազատի, ընկերոջ, օտարի և ողջ աշխարհի հանդեպ։ Սեր՝ գեղեցիկի և ազնիվի, լուսավորի և բարու, կապո՜ւյտ-կապույտ երկնքում ճախրող արծիվների և փողոցում հանդիպած հմայիչ անծանոթուհու, իրենց բույրով լեռ ու դաշտ լցրած բազմագույն ծաղիկների և լայն բացված աչքերով մոր գրկից աշխարհին զարմացած նայող մանկան հանդեպ։

Այդ օրը, երբ նրան խաբեց նա, ում ինքը հավատում էր աշխարհի և տիեզերքի չափ, նրա մեջ Սերը մեռավ։ Նրա մեջ մեռավ նաև հավատը գեղեցիկի ու բարու հանդեպ։ Կյանքը նրա համար դարձավ տխուր ու ձանձրալի, իսկ նա դարձավ չար ու դաժան։
Այդ օրը, սովորական ու ոչնչով աչքի չընկնող այդ օրը, աշխարհում մեռավ մի Մարդ, աշխարհում ծնվեց մի մարդ։

Մայիս, 1998 թ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել