Imyerevan.com-ը գրում է.

«Թաղեմ քեզ», «գրողի ծոցը գնաս», «չմեռանք սա էլ տեսանք»... Մահվան հետ կապված մաղթանքների ու թևավոր խոսքերի պակաս հայերենում չկա: Բայց Աստված մի արասցե, երբ մի օր այս մաղթանքները դառնում են իրականություն: Առաջ են գալիս գերեզմանատան տարածք ձեռք բերելու, Նար-Դոսից դագաղ, մեխակ ու էլի մի շարք ծառայություններից օգտվելու հարցեր:

Գրողի ծոցում
Ծանո՞թ եք գրողի հետ, ում ծոցը յուրաքանչյուրիս էլ գոնե մեկ անգամ ուղարկել են կամ մաղթել են, որ գա մեզ տանի: Հնում այդ գրողները մարդիկ էին, ովքեր այցելում էին, եթե տանը մարդ էր մահանում, ծոցագրպանից հանում էին դավթարը ու գրանցում մահը: «Գրողի ծոց» արտահայտությունն ամենավատ մաղթանքների շարքում էր՝ այդ ծոցում կենդանության օրոք չէին հայտնվում: Դժվար է կռահել երբևէ որևէ մեկը մաղթե՞լ է Երևանին՝ գնալ գրողի ծոցը թե ոչ, բայց փաստ է, որ այս պահին մայրաքաղաքի 4-5 տոկոսը` շուրջ 540 հեկտար, զբաղեցնում են թվով 21 գերեզմանատները: Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանն ասում է, որ մայրաքաղաքի գործող գերեզմանատներում ազատ մնացած տարածքները կբավականացնեն մինչև 2018 թվականը: 2007-ին արված հաշվարկները ցույց են տվել, որ ևս 46,5 հեկտար հողահատկացում է անհրաժեշտ, որպեսզի մինչև 2020 թվականը տարածքային խնդիր չառաջանա: Տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշումներով գործող մի քանի գերեզմանատների տարածքներ մեծացվել են: Սակայն այսօր նոր հողահատկացումներ անելը բավականին բարդացել է: Նախ այն պատճառով, որ տարիների ընթացքում բնակելի տարածքների մեխանիկական աճի արդյունքում որոշ գերեզմանատներ ու բնակելի տարածքներ թույլատրելիից ավելի են մոտեցել միմյանց: Գերեզմանոցը պետք է առնվազն 300 մետր հեռավորության վրա գտնվի բնակելի տարածքից, այդ հատվածով չպետք է անցնեն բարձր լարման կամ կոմունիկացիոն գծեր: Գերեզմանային տարածքներին վերաբերող այս նորմերը, մասնավորապես՝ բնակելի տարածքից հեռու գտնվելու մասին դրույթը, մասամբ կամ ամբողջությամբ խախտված են Սովետաշենից ու Կոմիտասի անվան պանթեոնից բացի մայրաքաղաքի մյուս գրեթե բոլոր գերեզմանատներում: Ամենավառ օրինակներից մեկը Կենտրոնական կամ Թոխմախի գերեզմանատունն է: Երբ 1929 թվականին այստեղ կատարվում էր առաջին հուղարկավորությունը, բնակելի տարածքը բավական հեռու է եղել, բայց հիմա բոլորովին այլ պատկեր է: Մյուս կողմից էլ՝ Երևանում այս պահին չկան թվարկված չափանիշներին համապատասխանող նոր տարածքներ, որոնք հնարավոր կլինի հատկացնել որպես գերեզմանոցային տարածք: Ինչպես նշում է Ռազմիկ Հարությունյանը, այժմ փորձ է արվում սահմանակից մարզերի հողատարածքներից հատկացումներ անել ու դրանք որպես գերեզմանոց օգտագործել: Բայց մարզերն էլ մերժում են՝ պատճառաբանելով, որ տարածքները սեփական են:

Լավ տեղ որոնելիս
Մայրաքաղաքում տարածքը որպես գերեզմանոց օգտագործելու որոշումը անցնում է մի քանի օղակներով: Նախ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տարածքը գերեզմանոց դարձնելու առաջարկը ներկայացնում է քաղաքապետարան: Քաղաքապետարանի տարբեր բաժիններում հավանության արժանանալուց հետո առաջարկը ներկայացվում է կառավարությանը: ՀՀ բոլոր 12 նախարարությունները քննում են այն և եթե առարկություն չկա, փոխվում է հողի կարգը: Սակայն եթե որևէ նախարարություն դեմ է արտահայտվում, ապա տարածքը չի կարող օգտագործվել որպես գերեզմանատուն: Գերեզմանոցային տարածքների հողը դասվում է պատմամշակութային կարգի տակ: 
Ինչ վերաբերում է քաղաքի անդրշիրիմյան տիրույթներում ազգային սովորությանը համաձայն բոլ-բոլ տեղ զբաղեցնելուն, ապա ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների մասին» ՀՀ օրենքի՝ մահացածի մարմինը հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ մեկ տեղի հաշվով 2,5 մ2 մակերեսով, իսկ ընտանեկան գերեզմանի համար կրկին անվճար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանված է 12 մ2 : Ավելի մեծ տարածք զբաղեցնելու պարագայում, այն տրամադրվում է վճարովի հիմունքներով: Մինչդեռ թաղման արարողություն կազմակերպած ու կլորիկ գումարներ ծախսած մի քանի երևանցիներ, ովքեր չցանկացան ներկայանալ, վստահեցնում են, որ «լավ տեղի» համար 1000 դոլար վճարելը գտած տարբերակ է. «Ձրիի դեպքում կորած-մոլորած, քար ու քանդ տեղ են տալիս, որ չես ուզում հարազատիդ թաղես», — նշեց նրանցից մեկը: «Պետական միակ վճարը 26 900 դրամ է՝ փոսը փորելու համար, դա էլ հարազատի ցանկությամբ է: Ուրիշ որևէ գումարի մասին խոսք լինել չի կարող, դրանք պարզապես խոսակցություններ են: Եթե ինչ-ինչ մարդիկ գերեզմանոցում նման գումարներ են ուզում, հանգուցյալի հարազատներին հորդորում եմ դիմել մեզ՝ խոստանում ենք պահել գաղտնիությունը: Նման գումարներ վերցնելն անօրինական է, այդպիսի թվերի մասին խոսք լինել չի կարող», — վստահեցնում է Հարությունյանը: 
Իսկ այ գերեզմանոցում տապանաքարի տեղադրման, տարածքի բարեկարգման ու այլ ճոխությունների մասին նա որևէ մեկնաբանություն չի տալիս: Գերեզմանատարածքի վրա արված ցանկացած շինություն հանգուցյալի հարազատի սեփականությունն է, և այն կարող է լինել նրա երևակայությամբ ու ճաշակով: Հարությունյանի պատմելով՝ հաճախ մեծ գումարներ են ծախսում, ճոխ գերեզմանոց են սարքում, իսկ հետո տարիներով այնտեղ ոչ ոք չի այցելում: Սակայն անգամ այս պարագայում օրենքն արգելում է այդ տարածքը վաճառել կամ տալ մեկ ուրիշին վրահուղարկավորման նպատակով: Վրահուղարկավորում թույլատրվում է իրականացնել ոչ շուտ, քան առաջին հուղարկավորումից 15 տարի անց և հուղարկավորման կազմակերպիչների համաձայնությամբ: Մնացած բոլոր դեպքերում, եթե գերեզմանի տարածքը բետոնապատված է և առկա է հանգուցյալի անունով, ծննդյան ու մահվան ամսաթվերով ցուցանակ, ոչ ոք իրավունք չունի վերավաճառել կամ տրամադրել տվյալ տարածքը մեկ այլ հանգուցյալ հուղարկավորելու նպատակով: Գերեզմանոցի տարածքը տրամադրվում է անժամկետ: Երևանում տարեկան կատարվում է 6800-ից 7000 հուղարկավորում, որոնցից շուրջ 50-60-ը վրահուղարկավորում են: Ըստ Ռազմիկ Հարությունյանի՝ եթե վրահուղարկավորումների թիվը շատ լիներ, հնարավոր կլիներ տարածքներ խնայել: Սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան որոշում, որը կարգելի Երևանում 15 տարուց ավելի հուղարկավորված անձի հարազատին նոր գերեզմանոց տրամադրել: «Նմանատիպ որոշման առաջարկ բազմիցս ներկայացրել ենք քաղաքապետարան, բայց դեռևս ոչ մերժում ունենք, ոչ էլ հաստատում», — ասում է Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել