Էս գարնան սկզբի գորշ գույների ֆոնին կանանց հագուստը մի տեսակ անհասկանալի թվաց ու աչքիս համար անըմբռնելի: Միգուցե հիմա թրենդը ճչացող կոնտրա՞ստն է, իսկ ես տեղյակ չեմ:
Սիրում եմ կոնտրաստ, սիրում եմ տարբեր գույների հաստ գործվածքի ու նախշերով զուգագուլպաներ, սիրում եմ ոչ ստանդարտ կոշիկներ, բայց էսօրվա տեսածիս մեծ մասը մի տեսակ չըմբռնեցի:
Հետո դիմահարդարումը, էդ հաճախ դաժանության հասնող անճաշակ, հաստ ու ուլտրաարտահայտիչ պաթոսը...
Վերնիսաժի նկարները, կրկին անհեթեթության աստիճան պաթետիկ, դատարկ ու ոչինչ չասող արտադրությունը: Արցունքն աչքին սևամորթ երեխայի պրոֆիլ, Ֆրունզիկի ու նրա տեսակի դիմանկարներ, մինասյան ու սարյանական խառնուրդի դեմքեր (ընտանիք՝ ամուսնու ու կնոջ դեմքերը սերտաճած, իսկ իրենցից ներքև՝ փոքր տղա), բնանկարներ, նաիրյան բարդիներով մասիսներ, եկեղեցիներ...
Ինձ ջազվե է պետք իսկական, պղնձից, տակը մեծ, որ գազին լավ նստի: Վերցնում եմ ու անցնում առաջ:
Ու քաղաքը շարունակում է բացվել իմ առաջ: Խանութներ ու զեղչեր «կանանց տոների» առթիվ (ականջիս էնքան գռեհիկ է հնչում էդ արտահայտությունը), փողոցներ, կիսակառույցներ... Ի դեպ, կիսակառույցներից, Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկի կառուցվող եկեղեցին ի՜նչ լավ բարձր է, ի՜նչ հավես դոմինանտ: Փառք Քեզ, Տե՛ր:
... Ինչքան շատացել են անծանոթ դեմքերը քաղաքում: Առաջ ինչքան շատ ծանոթ կարելի էր հանդիպել... թեև, ըհը, էս մեկ՝ ողջույն, ո՞նց եք, կբարևես... էս երկու... դեմքը շատ ծանոթ է էս կնոջ... աաա, Պասկալևան: Սովորական երևանցի դարձած քայլում է քաղաքումս, ողջույն, Դուք էլ լավ եղեք:
Հետո մի դերասան, որին չեմ սիրում ու անունը չեմ տա... Մեղմ ասած՝ չեմ սիրում, չէ՛, հաստատ անունը չեմ գրի:
Երևա՛ն, Երևա՛ն, մի կողմից էլ լավ է, որ ինչքան էլ քեզ փորձում են փոխել, դու քեզ չես կորցնում՝ թե՛ էս միջսեզոնային գորշությունդ, թե՛ շնչիդ տաքությունն ու սրտիդ հարազատ ռիթմը, թե՛ քո մարդկանց, որ մեկ ու մեջ հայտնվում են ընդհանուր զանգվածի մեջից ու պահում են քեզ քո տեսակի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/693316.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել