Հղիության արհեստական ընդհատումը շատ ցավոտ թեմա է: Շատերը հղիության արհեստական ընդհատումից հետո զղջում են, որ դիմել են այդ քայլին: Այս կինը ևս խոր ափսոսանքով է հիշում այդ մասին: Հղիության արհեստական ընդհատումից որոշ ժամանակ անց նա նամակ է գրել իր չծնված երեխային: Այդ նամակը ներկայացված է ստորև:
«Սիրելի՛ Իզաբելլա,
Նախ ասեմ, որ աշխարհի չափ սիրում եմ քեզ: Դու ամենահրաշալի պարգևն ես, որին ես երբևէ արժանացել եմ, թեպետ իրականում ես արժանի չէի քեզ: Ես քո հանդեպ մեծ սեր էի տածում դեռևս այն ժամանակ, երբ նույնիսկ չգիտեի էլ, որ երեխայի եմ սպասում:
Ես ու հայրդ շատ վաղուց էինք ընտրել քո անունը: Մենք հաճախ էինք երազում քո մասին: Մոտ երեք տարի առաջ ես ու հայրդ սկսեցինք պատկերացնել, թե դու ինչպիսին կլինես: Մեր պատկերացումներում դու շագանակագույն փայլուն մազերով ու խոշոր կապույտ աչքերով բալիկ էիր: Երբ ես իմացա, որ հղի եմ քեզնով, ես բոլորովին միայնակ էի: Երկու օր հետո Հայրերի օրն էր: Քո հայրիկը զանգեց ինձ և ասաց.
Հավատս չի գալիս: Ես այնքան հպարտ եմ:
Դա լավ օր էր, այնպիսի օր, որը ես երբևէ չեմ մոռանա: Մենք ընտանիք էինք: Մենք որոշեցինք ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն ընտրել: Մենք քննարկեցինք հնարավոր բոլոր տարբերակները: Մի իրադարձությանը հաջորդեց մյուսը, և մենք այնքան սարսափած էինք, թե քեզ հետ ինչ կարող էր պատահել: Մենք անգամ պատկերացնել չէինք կարող, որ ուրիշնները կարող էին քեզ համար որպես մայր ու հայր հանդես գալ: Մենք գիտեինք, որ չէինք կարող պաշտպանել քեզ մռայլ իրականությունից: Մենք չէինք կարող քեզ համար ապահովել այն մանկությունը, որ կուզենայինք: Մենք քեզ շատ բան չէինք կարող առաջարկել:

Մենք կարծում էինք, որ միայն այդ քայլով կարող էինք պաշտպանել քեզ: Եթե միայն կարողանայի ժամանակը հետ տալ: Ես ամեն ինչ կտայի, որպեսզի կարողանամ տեսնել քո ժպիտը, լսել քո ծիծաղն ու լացը և գրկել քեզ: Ես արդեն այնքա՜ն շատ բան եմ կորցրել: Սիրտս կոտրված էր, և մենք կարծում էինք, որ միայն սերը քիչ է: Ես այնքան վշտացած եմ, որ մենք դեռ չենք հանդիպել, սակայն միաժամանակ գիտեմ, որ դու հիմա շատ ավելի լավ տեղում ես:
Ես չէի ուզում, որ դու մի վայրկյան անգամ տանջվես այն աշխարհի ցավերից, որտեղ ես էի ապրում: Ես չէի ցանկանում քեզ մեծացնել մի այնպիսի միջավայրում, որտեղ քեզ համար հասանելի չէին լինի ապահով կյանքի բոլոր հնարավորությունները: Սիրտս մորմոքվում էր այդ մասին մտածելիս, սակայն հիմա ես այնքան եմ զղջում, որ քեզ հնարավորություն չեմ ընձեռել աշխարհ գալու: Հիմա արդեն գիտեմ, որ ես սխալ էի: Խնդրում եմ, ներիր ինձ:
Դու իմ բալիկն ես, և ես երբեք չեմ մոռանա քեզ և այն ժամանակը, որ քեզ կրում էի սրտիս տակ: Ես այնքան բախտավոր եմ, որ թեկուզ 40 օր քեզ պահել եմ կրծքիս տակ: Դու ինձ ուժ ես տալիս, որպեսզի ես դիմակայեմ դժվարություններին, սիրեմ ու հուսամ: Հղիության արհեստական ընդհատման մասին հիշողությունները տանջում են ինձ, սակայն ես գիտեմ, որ Աստված մեզնից էլ լավ կհոգա քո մասին:
Ես հիշում եմ այն օրը, երբ մենք կորցրինք քեզ: Հայրդ ժամեր շարունակ մխիթարում էր ինձ՝ ասելով, որ մի օր մենք նորից կտեսնենք քեզ: Հենց դրա համար էլ ես շարունակում եմ ապրել: Այն օրը, երբ ստիպված էի հրաժեշտ տալ քեզ, ես սգացի կյանքիս ամենածանր վիշտը: Դու այնքան յուրահատուկ ու գեղեցիկ ես: Ես չեմ կարողանում համբերել, թե երբ եմ նորից տեսնելու քեզ այնտեղ, որտեղ վերջապես չի լինի ո՛չ ցավ, ո՛չ արցունք:
Սիրում եմ քեզ:
Քո մայրիկ»



