Վերջին օրերին Ադրբեջանի բանակում զգալիորեն աճել է միջադեպերի թիվը: Ընդորում, այդ միջադեպերը ոչ միայն զինվորների մասնակցությամբ են, այլև` սպաների, և հիմնականում մահացության տեսքով: Ռազմաօդային ուժերից մի փոխգնդապետ ինքնասպան է եղել իր իսկ տանը, իսկ սահմանային զորամասեից մեկում զինվորներից մեկն իբր անզգուշությամբ սպանել է իր ընկերոջը և գնդի հրամանատարի տեղակալին: Ես բան չունեմ ասելու. անզգուշությամբ շատ բան կարող է պատահել, բայց անզգուշորեն սպանել մեկին, հետո շրջվել և սպանել հրամանատարին, մի քիչ առնվազն անհավատալի է: Ինչևէ, վերջին դեպքը ևս գրանցվել է սահմանային զորամասերից մեկում, որտեղ կրկին «անզգուշությամբ» մի շարք զինվորականներ պայթել են ականի վրա, որի հետևանքով մահացել են երեքը, հոսպիտալացվել` չորսը: Մահացածների մեկն էլ կապիտան էր: Չգիտես` ինչու, բայց Ադրբեջանի բանակում ամեն ինչ պատահում է «անզգուշության հետևանք»-ով: Մարդ մեկ-մեկ մտածում է, իսկ գուցե անզգուշության հետևանքով Ալիևը ևս ճանաչի՞ Արցախի անկախությունը և հարցը վերջնականապես լուծենք: Ասեմ ավելին, այդ դեպքում բանակ պահելու կարիք էլ չէր լինի և արդյունքում նույնքան «անզգուշաբար» ոչ ոք չի զոհվի:
Գիտեք՝ ինչ, չգիտեմ, թե իրականում ինչպես են այս բոլոր զոհերը եղել վերջին երկու օրվա ընթացքում, և մեծ հաշվով թքած ունեմ դրա վրա, բայց երբ մեզ մոտ է մի միջադեպ լինում, ադբեջանական մամուլն այնպիսի ոգևորությամբ է դա լուսաբանում և պիտակավորում մեր բանակը, որ պարզապես «գայթակղությանը» չդիմացա և որոշեցի թեմային անդրադառնալ: Ախր խոսում են մարդիկ, ում բանակում նույնիսկ պաշտոնական տվյալներով մի քանի անգամ պատահարներն ավելի շատ են լինում, քան մեր բանակում. ոչ մարտական պայմաններում մի քանի անգամ ավելի շատ են միջադեպերի թիվն ու բազմազանությունը, քան նույն մեր բանակում, էլ չեմ խոսում ադրբեջանցիներին հատուկ միջադեպերի մասին, որոնք հիմնավորված են փաստերով: Խոսքը, իհարկե, մասսայական բռնաբարությունների մասին է, որ տեղի է ունենում ինչպես զինվորների շրջանում, այնպես էլ սպաների բռնություննրի հետևանքով: Այնպես որ, երբ ադրբեջանցիների խոսում են մեր բանակի մասին, թող առաջին հերթին իրենց աչքի գերանը տեսնեն: Սա այսպես, իմիջիայլոց, ընդհանուր պատկերի մասին:
Տեսեք, մենք շատ լավ գիտենք, որ երբ հայկական կողմը ձեռնարկում է «պատժիչ գործողություններ» ադրբեջանական կողմի հանդեպ, մեր «սիրելի» հարևանները դրանք սկզբում հնարավորինս թաքցնում են և այնուհետև կամաց-կամաց սկսում են հրապարակել իրենց զոհերի թիվը, սակայն չխոստովանելով, որ դրանք մեր բանակի ձեռքի գործն են` հնարելով դրանց համար տարբեր պատճառներ: Ասածս հետևյալն է` չի բացառվում, որ այն միջադեպը, որի հետևանքով երեք հոգի մահացել է, իսկ չորսը ստացել ծանր վնասվածքներ, լինեն նաև մեր ձեռքի գործը: Եթե ավելի հստակ լինենք՝ ես չեմ բացառում, որ այդ ամենը կարող էր լինել դիվերսիոն խմբի կանխում: Մենք շատ լավ գիտենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը բավական ակտիվացել է առաջնագծում, որի հետևանքով շատացել են դիվերսիոն գործողությունները: Այնպես որ, սա ևս կարող էր լինել այդ դեպքերից մեկը, որը որպես այդպիսին կանխվել է:
Շատերն այժմ կարող են ասել, որ նման պարագայում ՊՆ-ն մեզ կհաղորդեր դրա մասին, և դեռ մի բան էլ գլուխ կգովեր, որ դիվերսիան են կանխել, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առաջնագծում ամեն օր այնքան բան է տեղի ունենում, որ եթե այդ ամբողջի մասին մեզ հաղորդվի, ապա ազգովի դիպրեսիայի մեջ կընկնենք, իսկ ավելորդ անգամ լարվածություն սերմանել հասարակության շրջանում ոչ մեկին պետք չէ: Համենայն դեպս, մենք Ադրբեջանը չենք, որը իր քաղաքացիներին ամեն օր նույն ժամին ստաբիլ հաղորդում է, թե ինչպես ենք մենք իբր խախտում հրադադարի ռեժիմը և գնդակոծում իրենց գյուղերը: