Շատ սխալ մեկնաբանություններ ու գրվածքներ տեսա, որ չկարողացա անտարբեր գտնվել ժողովուրդ ջան...:ՃՃ
Նախ ասեմ, որ Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն կատարվում է Զատիկից 14 կամ Հոգեգալստից 7 շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը...
Հայերի մեջ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանվում է նաև Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի.
Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը նախքան պայծառակերպվելը իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը, և ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում է, այնպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը:
Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան:
Վարդն անուշահոտություն է բուրում, այնպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան քնի ծանրության տակ:
Վարդը քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այնպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ որպես կոկոն և ապա ծնվելով` աստղի ու հրեշտակների ավետիսով հայտնվեց մոգերին և հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին` նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց բոլորին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/100000813989206/timeline/story?ut=2&hash=-8704750138024094659&wstart=1341126000&wend=1343804399
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել