Անգամ «կարիերիստ ֆեմինիստուհի»-ներն են ուզում դառնալ մայր ու իրենց զգալ «թույլ» կին, ում մասին հոգ կտանեն....
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Սուրբ Գիրքն այս հրաշալի պատումն է ներկայացնում մեզ: 
Իսկ Մեր հին՝ մինչքրիստոնեական ժամանակաշրջանի մասին տեղեկություններում, ըստ պատմիչների վկայության, այս օրը եղել է Անահիտ անբիծ դիցուհու տոնը: Մովսես Խորենացին եւ Ագաթանգեղոսը նկատում են, որ նա եղել է բեղմնավորման, ծննդաբերության, բժշկության հովանավորն էր, Լուսնի աստվածուհին, քանի որ գիշերային ճերմակերես լուսատուն համարվում էր կանացի սկզբի խորհրդանիշ: 
Այս գեղեցիկ ավանդապատումներն ու պատմական իրողությունները իրար լրացնում են, և մեզ ևս մեկ անգամ ցուցանում մեր ազգի մայրապաշտությունը: Ու ինչքան էլ այսօր դրսի քամիները մեզ հրահրեն արհեստածին խնդիրներ փնտրել ու բարձրաձայնել՝ մեր երկրում կնոջ հալածական կերպարի մասին, բոլորս էլ գիտակցում ենք, որ դրանք ուղղակի չափազանցումներ են ինչ-ինչ նպատակներով. հայ կինը, հայ մայրը մեր ազգի ծննդյան իսկ օրից մեզ համար սրբություն է եղել....Համոզված եմ, որ կեղծ ֆեմինիստական շարժումներում գերակտիվ ու հիպերակտիվ մասնակցություն ցուցաբերող, գրանտով կամ գուցե կուրորեն դրանց մաս կազմող աղջիկները իրենց հոգու խորքում երազում են լինել մայր, լինել համեստ կին, թույլ կին, որի մասին հոգ կտանեն. այս պարագայում թուլությունը բացասական չի դիտվում բնավ, այլ անհրաժեշտություն: Մենք բոլորս ենք ուզում ունենալ ամուր թիկունք...
Եվ վերջում՝ իբրև ամփոփում ու եզրահանգում հիշենք Նժդեհին.
ԱՌԻՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ
Մայրերի ափի մէջ պիտ փնտռել ազգերի ճակատագիրը
Տկարութեան եւ կեղծիքի դէմ սկսածդ պայքարի մէջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը - հայ մայրը:
Ինչպիսի՜ աստւածային հաճոյք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրօն մօր:
Ո՞վ չգիտի, թէ ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրօրէն կը բաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամէն յոյս:
«Միշտ էլ յիշենք, - ասում է գաղիական պատմութիւնը, - յիշենք, թէ մեր հայրենիքը ծնւած է մի կնոջ ստինքից, նրա սիրուց եւ արցունքներից, այն արիւնից, որ նա թափեց մեզ համար»:
* * *
Մօր ազդեցութիւնը - որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող սերունդների - նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կը մնայ միակ լծակը, որ պիտ բարձրացնի եւ մեր ազգային դատը, որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասէրներին:
Բնութիւնը - ասւած է - կնոջ ձեռքով կը գրի տղամարդկանց սրտի մէջ: Ահա թէ ինչո՛ւ հայ կինը պիտ դառնայ հայրենապաշտութեան տաճարի Վեստեան Կոյսը, նշանակւած՝ անշէջ պահելու նրա սրբազան կրակը:
Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարաւոր օտարուհիների մէջ այն կնիքով, որ նրա ճակտին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջեւ իր աստւածանման որդու վէրքերը սգացող Տիրամօրը - հայ կինը աւելի հերոսուհի, քան թախծութեան մայր պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն ժանդարկեան բառերը՝ ուղղւած մեր սերունդներին. «Եթէ յոգնած էք, դադար առէք, բայց մի լքէք կռւադաշտը, մի՜ դասալքէ՚ք»:
Նա միայն պիտի չողբայ վէրքերն իր Հայրենիքի, այլ եւ մեր սերունդներին անսահման սէր ու պաշտամունք պիտ ներշնչի դէպ այդ վէրքերը:
Նա աւելի պիտ սիրի եւ հպարտանայ, քան կարեկցի: Նրա հայրենասիրութիւնը եւս - աստւածային կրակ, բոց ու ջերմութիւն - պիտ արթնացնի թմրած առիւծը իր ժողովրդի մէջ, պիտ բարձրացնի մեր առօրեայ կեանքի թափը, պիտ քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհութիւնը: Ոգիացած հայրենասիրութիւն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ոյժ, անհրաժեշտ՝ Հայրենիքների անկախութեան ու հզօրութեան համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել