Փորձեմ շեղվել առօրեական թեմաներից և խոսել մի ոչ պաշտոնական տոնի մասին, որը ոչմեկ չհիշատակեց։
Այսօր նշվում է վեբ վարպետի օրը։ Այն պատահական չէ ընտրված. ապրիլի 4-ի թվային գրելաձևը (4.04) շատ նման է 404 սխալի կոդին, որը նշանակում է, որ հայցված էջը գտնված չէ։ Սա, թերևս, ամենից շատ հանդիպող սխալն է վեբ ոլոլորտի օգտվողների մոտ։ Նաև այսօր է նշվում համացանցի միջազգային օրը։ Հենց այդ պատճառներով է և ընտրված այս օրը։
Պարզաբանեմ, թե ովքեր են վեբ վարպետները։ Այս բավականին նոր մասնագիտության տերերը կարող են պարզ օգտվողի լեզվով կոչվել «կայքի կառավարիչներ», քանի որ նրանք են փաստացի ստեղծում և, որոշ դեպքերում նաև, կառավարում իրենց ստեղծած կայքերը։
Ի դեպ. «վեբ վարպետ» արտահայտությունն արդեն 22 տարեկան է։ Այո-այո. առաջին անգամ այս բառը կիրառել է համացանցի նախահայր Թիմ Բերներս-Լին իր «Հիպերտեքստի ձևավորման ուղեցույցն առցանցում» փաստաթղթում՝ 1992 թվականին։
Հետաքրքիր փաստ. անգլերենում գոյություն ունի «վեբ վարպետ» մասնագիտության իգական ձևը, որը հայերեն կհնչեր «վեբ տիկին»՝ webmistress: Այս ձևը լայն կիրառում չի ստացել։



