168.am-ը գրում է.
Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:
Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, իր պաշտոնը որպես խոպան դիտարկող տնօրենը՝ Գայանե Մարգարյանը, իրավունք չունի աշխատելու մի հաստատությունում, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Գայանե Մարգարյանը ներկայացնում է էքսկուրսիաների հաշվետվություններ, որոնցում ցույց է տրվում զգալի գումարների ծախսեր, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել: Հաստատությունում չկան ոչ կոշկակար, ոչ վարսավիր և ոչ էլ այլ շատ անհրաժեշտ աշխատողներ, չնայած դրանց համար նախատեսված են հաստիքներ: Հաստատության տնօրենին ոչ հարիր բառերով անպատվելով երեխաներին` տիկին Մարգարյանը , չփայլելով բարոյական կերպարով, ամեն անգամ երեխաներին հիշեցնում է, որ նրանց ծնողները անբարոյական են: Հիշեցնում է նաև, որ ինքն է նրանց հաց տալիս ու կարող է նաև չտալ: Վերջերս նույնիսկ մի խումբ բարձր դասարանի տղաներ մի քանի օրով հացադուլ էին հայտարարել, քանի որ տիկին Մարգարյանը, ըստ երեխաների, ալկոհոլ ընդունած եկել ու անպատվել էր իրենց`անվանելով «բոմժեր» և արգելել ճաշարանից օգտվել:
Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է: Գայանե Մարգարյանը իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում աշխատողների գերակշիռ մասի նկատմամբ մշտապես ցուցաբերել է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական և անհարգալից վերաբերմունք: Նույնիսկ հաշմանդամություն ունեցող աշխատողին անվանում է «չոլախ շուն»: Իր և իր հարսի տնային գործերը (բրդեր լվանալը, մշակելը, կարելը, գորգեր լվանալը, պահածոներ պատրաստելը և այլն) աշխատանքի հաշվին անում են տնտեսական աշխատողները՝ իր աղախինները: Իսկ հերթական գնված բնակարաններում տղամարդիկ կատարում են շինարարական աշխատանքներ: Մարգարյանի համախոհ-հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով աշխատանքի ընդունված օրվանից վարպետորեն աշխատողների դեմ է տրամադրում տնօրենին: Նա հաստատությունում միաժամանակ զբաղեցնում է մի քանի հաստիք: Բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից՝ ընդհուպ երեխաների համար նախատեսվող հացից 3-4 հատ ամեն օր տուն տանելը: Մարգարյանը իր հանցակից ընկերոջը ծիծաղելիորեն համարում է իր պաշտոնի հաջորդ զբաղեցնողը, ինչի մասին հաճախ է հայտարարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



