1in.am-ը գրում է.
Չիլիի Ալտո Օսպիսիո քաղաքում հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 2 500 տուն մասամբ փլուզվել է՝ հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով մեքսիկական Notimex գործակալությանը:
Ապրիլի լույս 2-ին տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 8.2 մագնիտուդ ուժգնություն, իսկ հինգշաբթի օրը ստորգետնյա ցնցումները հասել են 7.6 մագնիտուդի: Երկու երկրաշարժերն էլ առաջացրել են ցունամի:
Չիլիում աղետի առաջին հարվածի զոհ է դարձել 6 մարդ, անհետ կորած է համարվում երկու աղջիկ: Պերուում 9 մարդ վնասվածքներ է ստացել:
Չիլիական հեռուստատեսության տվյալներով՝ աղետը նաև գործնականում առանց էլեկտրականության և ջրի է թողել Ալտո Օսպիսիո քաղաքը:
Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը տուժած շրջաններ է ուղարկել ընդհանուր առմամբ 50 տոննա հումանիտար օգնություն՝ ներառյալ սնունդ, շշերով ջուր և ներքնակներ:



