Կներես, որ պետք է ասեմ. բայց դու առանձնահատուկ չես: Ես չեմ կարողանում քեզ հասկանալ` ոնց մնացածը: Կներես, որ դու ևս ոչ մեկին չես հասկանում: Կներես…
Անժ, կներես, որ երազանքներդ բարձր տեղերում ես դրել, ու դրանք դարձել են անհասանելի, թեկուզ այլ կերպ երազանք չէին լինի: Կներես, որ երազներումդ կենցաղայինն ու նյութականը վերջին տեղում են:
Կներես, որ չսովորեցիր “ճիշտ” երազանքներ պահել:Անժ, կներես էլի, որ թույլ ուսերիդ ծանրությունը չեմ կարող կիսել, չեմ կարող օգնել, որ փոխես բեռի ուղղությունը, չեմ կարող գոնե մի քանի վայրկյան պահել, որ դու հանգստանաս…Կներես…
Անժ, կներես փոքրիկ գլխումդ այդքան շատ հիմար մտքեր ծնվելու համար: Կներես, որ թույլ ես այդ մտքերն իրագործելու համար: Եվ փառք Աստծո…Կներես կյանքումդ պատահած այն դժվարությունների համար, որոնք բախտի քմահաճույքն էին միայն, այլ ոչ փորձություն: Կներես, որ հաճախ ճակատագիրը քմծիծաղով է քարեր նետում քո ճանապարհին ու լկտի հռհռում…Անժ, Անգելս, կներես, որ մենակ ես: Որ խնդրում ես կյանքիցդ չգնան նրանք, ովքեր չեն էլ եկել: Որ այդքան վախենում ես մենակ մնալուց` չհասկանալով, որ միշտ մենակ ես: Կներես, որ ժպտում ես: Կներես ինձ դրա համար:Կներես, որ չեմ կարողանում հավատդ սպանել: Որ դու անգամ խավարի մեջ փոքրիկ, հազիվ նշմարվող լույս ես տեսնում ու գնում այդ ուղղությամբ: Իմ միամիտ, փոքրիկ աղջիկ…
Անժ, կներես, որ դու ուժեղ ես: Ու որ կյանքը դա գիտի:Կներես, որ միշտ, ամեն վայրկյան պայքարելու ես օդում կախված և իրականում գոյություն չունեցող երջանկության և սիրո համար: Կներես, որ դու ոչինչ չես մոռանում: Անժ, կներես, կներես, որ չեն սիրում քեզ:
Կներես, որ սեր չկա: Երջանկություն էլ. քո համար…Կներես, որ քո ցավերն այնքան փոքր են` ուրիշների ցավերի դեմ: Որ ամեն անգամ փուշը խառնում ես օգնության մեկնած ցուպի հետ, կներես…Անժ, կներես, որ մենակ ես եմ հետդ լինելու: Կներես, որ հետդ լինելով` դու էլի մենակ ես:
Կներես, որ երբեք ամենանվիրական երազանքդ չի կատարվելու:Կներես, որ դու հոգնել ես:Կներես ինձ…
Միշտ քո` ԴՈՒ