Հայաստան ասելիս այտերս այրվում են։ Ամաչում եմ։ Ամեն անգամ Ազատության հրապարակով անցնելիս այտերս կարմրում են հայրենիքիս առջեւ ունեցած պարտքերից, բացերից, թերացումներից բոլոր։ Թվում է՝ գրկիս մեջ հարազատ մեկը շունչը փչում է, ոչինչ անելու ուժ չունեմ, չեմ կարող նրան օգնել։

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են։ Դու չգիտես, իսկ ես շատ լավ զգում եմ ինչու է այդպես։ Ծնկներս ծալվում են ճամպրուկների ծանրության տակ։ Օդանավակայանում օտար մեկն ինձ հարցնում է որտեղից եմ։ Հայաստան ասելիս ես գաղթում եմ։ Գաղթում եմ այնպես, ինչպես տասնամյակներ առաջ պապերս են գաղթել։ Միայն թե իմ տունը թշնամին կրակի չի տվել։ Միայն թե լացս թշնամու ձեռքից հարազատ կորցնելու համար չի եղել։ Ինձ սպանել են, ամեն օր, ամեն ժամ կոտրել։ Իմոնք են կոտրել։ Մարմինս ուսերիս իջած անճարության տակ ցավում է։

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է։ Շոգ է։ Ճռռան արեւի տակ պարկ եմ քարշ տալիս։ Քարից հաց եմ քամում։ Ավելի հստակ՝ օրը հիսուն պարկ ավազից։ Բանվոր եմ՝ բարձրագույն կրթությամբ, օտար լեզվի իմացությամբ։ Կեղտի ու փոշու մեջ կորած բանվորական ուժ եմ։ Ուրիշ ոչինչ։

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է։ Մազերս սպիտակում են, ճակատս կնճռոտվում, ձեռքերս դողում են։ Հայաստան ասելիս ծերանում եմ։ Նյարդերս լարվում են։ Հայաստան ասելիս ջահելությունս թոշնում է։

Հայաստան ասելիս աչքերս լցվում են։ Արցունքաբեր գազ են բաց թողնում ոստիկանները։ Հայաստան եմ գոռում՝ կարծելով, որ դա է պայքարի արդարացումը։ Գոռում եմ, որ հաջորդ սերունդներն այս հողակտորին նույնպես Հայաստան կոչեն։ Գոռում եմ, որ նրանք հայերեն խոսեն։ Տառերս օտարալեզու դպրոցներում անմրցունակությունից չմոռացվեն։

Հայաստան ասելիս թեւերս բացվում են։ Հայաստան ասելիս թեւերս ոլորվում ու շղթաների մեջ փակվում են։ Ափերս հազիվ են երեսիս հասնում, դեմքս հուսահատ նրանց մեջ վերցնում, հոգոցս մեջը խեղդում եմ։ Չգիտեմ ինչու է այդպես: Սիրտս ցավում է։

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է։ Ես ընդմիշտ քոչվոր եմ։ Ես գիտակցում եմ, որ սահմանից այն կողմ ես ոչինչ եմ։ Սակայն տունս նեղ է, խարխուլ, անկարգ, տունս հին է։ Պատուհաններս եվրոլուսամուտներ չեն, եվրոպական արժեքներն ինձ հարիր չեն։ Ես իհարկե նրանցից բարձր եմ։ Ես ծովից ծով Հայաստանն եմ, սակայն իմ գյուղերում շատ հաճախ խմելու ջուր անգամ չունեմ։

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է։ Զենքը գրպանում պահածի կատաղած ու սոված շունն է։ Հայաստան ասելիս կոկորդս սեղմվում է։ Կմնա՞մ, կլինե՞մ այսպես: Վստահ չեմ։ Հայաստան ասելիս ես անչափ հուզվում եմ։ Փակում եմ աչքերս ու հեռանում եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել