Emedia.am-ը գրում է.

Աթեիստ Դարեն Արոնովսկին, դաստիարակված լինելով գիտնական հոր կողմից և իր քայլերն աշխարհում սկսելով առաջին հերթին որպես գիտնական (մարդաբան), հետագայում ընտրեց բոլորովին նոր կոչում` իրեն նվիրելով արվեստին: Սակայն գիտության նկատմամբ նուրբ զգացմունքները փայլուն կինոգործիչի ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում հստակ նշմարելի են: Արդյունքում` հոլիվուդյան ամենաինքնատիպ ռեժիսորի ֆիլմերը լի են արվեստի և գիտության տարօրինակ խառնուրդով, որն այլ կերպ, քան «գոյի փիլիսոփայություն» անհնար է անվանել:

Արոնովսկուն անասելի մագնիսական ուժով ձգում է Տիեզերքը` իր առաջացման պահից մինչև մարդու գիտակցության մեջ այդ Տիեզերքի արտացոլումը: Արոնովսկու համար մարդն ամենաբարձր արժեքն է Տիեզերքում` իր բոլոր առավելություններով և թերություններով, մեղքով ու դաժանությամբ, բարեգթությամբ ու անձնազոհությամբ: Արոնովսկու Տիեզերքում մարդն այդ անսահմանության ամենագեղեցիկ ու ամենազարմանալի մասն է, որի ուսումնասիրությունը երբեք չի ավարտվի:

Հետաքրքրված լինելով աշխարհում ամեն ինչով` սկսած սիրուց մինչև թմրանյութերի ազդեցությունը մարդու բանականության վրա, մեծ ռեժիսորը չէր կարող անտարբեր անցնել խիստ հակասական, սակայն, անկասկած, բարդագույն փիլիսոփայության այնպիսի նմուշի կողքով, ինչպիսին Հին կտակարանն է: Աստվածաշնչյան թեմաներին մոտենալով որպես գիտնական և փիլիսոփա` իր ֆիլմերում Արոնովսկին հաճախ է օգտագործում այստեղից վերցված հստակ այլաբանություններ` հատկապես երբ ասելիքը բարդ է, իսկ կինոդիտողին այն հասցնելու անհրաժեշտությունն այդ պահին ռեժիսորի գլխավոր ցանկությունն է:

«Սկզբում ոչինչ չկար».

Այս անգամ Արոնովսկին որոշեց չսահմանափակվել ուղիղ հղումներով, այլ անմիջապես դիմեց մարդկության հնագույն լեգենդներից մեկին` Նոյի և նրա ընտանիքի պատմությանը, որը Հին կտակարանում առանցքային դիրք է զբաղեցնում: Ինչպե՞ս կպատմեր աթեիստը աստվածաշնչյան այս առասպելը: Ի՞նչ միջոցների կդիմեր նա, զուտ գիտական հետաքրքրությունից ելնելով, հասկացնելու համար այս պատմության գլխավոր ասելիքը, որն, անկասկած, արդիական է ցանկացած ժամանակներում: Նոյի մասին առասպելի ո՞ր հատվածները, ո՞ր մանրամասները նրան կհետաքրքրեին, որպես համաշխարհային ջրհեղեղի ասքի փիլիսոփայական հիմք, ինչի՞ վրա նա կաներ հիմնական շեշտադրումը:

Դարեն Արոնովսկին շատ հստակ պատասխանում է բոլոր այս հարցերին «Նոյ» ֆիլմում` ստեղծելով իր ամենատպավորիչ և բազմաշերտ կինոկտավը` առաջին հերթին աթեիստների համար: Վերցնելով միայն պատմության ընդհանուր ներկապնակը, նա խառնում է բոլոր գույները, ստանում նոր, վառ երանգներ ու պատկերում իր Նոյին, ձևավորում բոլորովին նոր առասպելաբանություն, նոր աշխարհ, որն ունի իր տրամաբանությունը, ապրում է իր կյանքով ու լիովին անջատված է իր սկզբնաղբյուրից: Աստծո` որպես արարչի կերպարը այստեղ մղվում է հետին պլան` առաջին պլանում թողնելով մարդուն` իր խնդիրների, մեղքերի, զգացմունքների հետ: Այսչափ մարդակենտրոն ֆիլմ դժվար է գտնել, և, թերևս, դա է պատճառը, որ առավել հավատացյալ մարդիկ Արոնովսկու ֆիլմի նկատմամբ, մեղմ ասած, առանձնակի ջերմ զգացմունքներ չեն տածի:

Աստված Արոնովսկու ֆիլմում հաշվենկատ, դաժան և ճշգրիտ գործող այն ֆոնն է, որին մարդն անկարող է դիմադրել: Նոյի աստվածը Տիեզերքն է` իր անհասկանալի և անժխտելի օրենքներով, կանոններով և փխրուն մարդկային արարածների կյանքի ու մահվան նկատմամբ անտարբերությամբ: Ֆիլմի, թերևս, ամենատպավորիչ մասը Նոյի` արարման ակտի պատմությունն է. Արոնովսկու ստեղծած պատկերապատման մեջ հստակ տեսանելի են Մեծ պայթյունը, գալակտիկաների և մոլորակների ձևավորումը, երիտասարդ Երկրի տաք ջրամբարներում բջիջների սպոնտան առաջացումն ու էվոլյուցիոն ողջ պրոցեսը` ընդհուպ մինչև մարդու ձևավորում. ընդ որում` անցումները մեկ կենդանատեսակից մյուսը սահուն կերպով կրկնում են Դարվինի ողջ տեսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել