Պարտադիր կուտակայինի վերաբերյալ կայացված որոշումը երեկ պարզաբանեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, որը, կարծում եմ՝ լիովին բավարար է: Կարող ենք այդ ամենից հստակ ասել, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի գործադիրը և կշարունակի առայժմ գործել այս օրենքը, թե` ոչ, և անկախ նրանից՝ կշարունակե՞ն մեզանից գանձել հավելյալ վճարներ, թե` ոչ, այդ ամենը սեպտեմբերի 30-ից հետո պարտադիր կերպով պետք է վերադարձվի մեզ: Կառավարության կեցվածքից մենք կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները չեն պատրաստվում զիջել և, կներեք արտահայտության համար, բայց «իրենց էշն են քշում:» Նրանք ասում են՝ օրենքը դեռ գործում է, իսկ իրավական տեսանկյունից այն իրոք գործում է, և մարդկանցից շարունակվելու են գանձվել կուտակայինի համար համապատասխան գումարները: Նրանց համոզմամբ, իրենք մինչև սեպտեմբերի 30-ը կփոփոխեն բոլոր վիճելի դրույթները և, կարճ ասած, ամեն ինչ իր տեղը կընկնի, սակայն հաշվի չեն առնում մի շատ կարևոր հանգամանք:
Բանն այն է, որ օրենքի վիճելի դրույթներից մեկը և, ըստ երևույթին, ամենակարևորը վերաբերում է պարտադիր վճարներին: ՍԴ-ն շատ հստակ ասել է, որ որ ոչ ոք իրավասու չէ առանց մարդու համաձայնության պահումներ անել իր աշխատավարձից, եթե դրանք օրենքով սահմանված համապատասխան հարկեր չեն: Իսկ սրանից կարելի է շատ հանգիստ եզրակացնել, որ անկախ կառավարության կողմից արված փոփոխություններից, «պարտադիր» դրույթը պետք է փոխվի: Այլ կերպ ասած՝ սա կառավարության կողմից կապրիզի դրսևորում է, որը չի կարող լինել շարունակական, քանի որ իրավական հիմք դրա համար այլևս չկա: Ինչ խոսք, իրավական հիմք չկա, բայց այլ և կարևոր դրդապատճառներ գանձումներ անելու համար, թեկուզև մինչ հոկտեմբեր, կարծում եմ՝ կան:
Տեսեք, ՍԴ-ն շատ պարզ ասել է, որ ամենաուշը սեպտեմբերի 30-ից հետո պետք է կատարվի վերահաշվարկ և վերադարձվեն մինչ այդ գանձված գումարները, բայց ՍԴ որոշման մեջ նույնքան հստակ և պարզ նշված չէ, թե ինչպես են վերադարձվելու այդ գումարները, ասել է թե, ինչ ժամկետներում և չափերով: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնել:
Մի պահ պատկերացնենք, թե ինչքան մարդկանցից ինչքան գումար է գանձվում հանրապետության ամբողջ տարածքում, և կհասկանաք, թե ինչ ահռելի գումարների մասին է խոսքը: Այս համատեքստում հերիք չէ գանձումները շարունակվելու են արվել դեռ շուրջ հինգ ամիս, դեռ մի բան էլ դրանից հետո գուցե որոշում կայացվի վերադարձնել այդ գումարները իրենց համապատասխան «տերերին», ասենք, մեկ տարվա ընթացքում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գումարների շրջանառության մասին է խոսքը, և թե ինչ օգուտներ կարող են քաղել այն մարդիկ, ովքեր պետք է տնօրինեն դրանք: Ես բնավ չեմ կարծում, որ այժմ, երբ հայտնի է դարձել, որ այդ ամբողջ գումարը պետք է վերադարձվի, դրա գոնե մի փոքր մասը կուղարկվի, այդպես կոչված, արտասահմանյան ֆոնդերին: Իհարկե այդ ֆինանսները կմնան Հայաստանում, իսկ ավելի շուտ, մեր մի քանի օլիգարխների տնօրինության ներքո, որից ով ինչպես կարողանա, կփորձի իր օգուտը քաղել, մինչև որ կորոշվի այդ գումարների վերադարձի ճշգրիտ ժամանակացույցը:
Այնպես որ, արդարության հաստատումը միևնույն ժամանակ փոխկապակցված է, ըստ էության, «աֆյորայով:» Դե գոնե պե՞տք է ի վերջո ինչ-որ մեկը, կամ էլ ոմանք այսքանից հետո մի ձև օգտվեին այս ամբողջ գործընթացից, թե` ոչ: Իհարկե, այո: