Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Օմբուդսմենի 2013 թվականի զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է:
Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք:
Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունը, ինչպես միշտ, մատչելի կլինի նաև նրանց համար: