Երեկ Սահմանադրական դատարանը կայացրեց մի շատ կարևոր և պատմական կարևորություն ունեցող որոշում, բայց ինչպես և սպասելի էր, այդ կայացված որոշումը առաջացրեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները սկսեցին շահարկվել շահագրգիռ բոլոր կողմերի միջոցով: Կարճ ասած՝ կա հիմնականում երեք կարևոր հարց`
1. Արդյո՞ք մարդիկ պետք է շարունակեն վճարումներ կատարել պարտադիր կուտակային համակարգին, թե՝ ոչ:
2. Վերադարձվելո՞ւն են իրենցից գանձված գումարները, թե՝ ոչ:
3. Ինչո՞վ է պայմանավորված ՍԴ որոշման այն կետը, որի համաձայն, համակարգի վիճահարույց կետերի վերաբերյալ կայացված որոշումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 30-ից հետո:
Այս հարցերի պատասխանը երեկ փորձեց տալ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ:
Այսպիսով՝ այս մարդը շատ հստակ ասաց, որ ՍԴ որոշումները հիմնականում ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց ՍԴ-ն այն մարմինն է, որ կարող է փոփոխել իր որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակացույցը: Իսկ քանի որ «պարտադիրը» դեպքը շատ յուրահատակ է դարձնում, ՍԴ անդամները որոշում են կայացրել հետաձգել իրենց որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ Թոխյանի՝ տվյալ օրենքի հետ փոխկապակցված են տասնյակ օրենսդրական ակտեր և կառավարության որոշումներ, որոնք ևս անհրաժեշտ է փոփոխել, քանի որ դրանք նույնպես չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Վերջինիս խոսքերով, եթե իրենք հետաձգելու մասին որոշում չկայացնեին, ապա դրանով իսկ կոչնչացնեին մեր ամբողջ իրավական համակարգը:
Սա, այսպես ասած, այդ որոշման դրդապատճառների մասին:
Ինչ վերաբերում է սրանից շատ ավելի կարևոր հարցին, թե արդյոք մարդիկ պետք է շարունակեն վճարումներ կատարել, Թոխյանն այս անգամ ևս տվեց շատ հստակ պատասխան, համենայն դեպս ինձ թվում է, որ այդ պատասխանը հստակ էր:
Այստեղ խնդրում եմ լինել շատ ուշադիր: Ասվեց ընդհանուր առմամբ հետևյալը. «Օրենքը շարունակում է գործել մինչ սեպտեմբերի 30-ը: Այնպես որ, գործատուն կարող է շարունակել Ձեզանից գանձել կուտակայինի վճարները, ԲԱՅՑ մյուս կողմից, քանի որ հենց այդ պարտադիրի մասը ճանաչվել է հակասահմանադրական, գործատուն չի կարող ստիպողաբար իր աշխատողից գանձել այդ վճարները, իսկ եթե նույնիսկ գանձի, ապա ստիպված կլինի սեպտեմբերի 30-ից հետո, երբ այդ դրույթները դե յուրե ճանաչվեն հակասահմանադրական, կատարի ՍԴ որոշումը և վերահաշվարկ կատարի` բոլոր ամիսներին գանձած գումարը վերադարձնելու իր աշխատողին` Ձեզ:
Մի խոսքով, անգամ եթե կառավարությունը պնդի, որ պարտադիրը շարունակելու է գործել, ապա դա կարող է անել մինչ ամսի 30-ը, քանի որ հոկտեմբերի 1-ից այդ օրենքի հիմնական դրույթները, մասնավորապես պարտադիրի պահը, համարվելու է հակասահմանադրական, և ինչքան էլ կառավարությունը մինչ այդ ժամկետը փոփոխի այդ օրենքը, այն այլևս պարտադիր լինել պարզապես չի կարող, քանի որ հենց պարտադիրի պահը ինքնին հակասահմանադրական է: