Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Ի՞նչ է նշանակում «սեր»:

Առհասարակ մահկանացուներին բնորոշ ամենագեղեցիկ զգացմունքն է. դա խորը, անձնուրաց նվիրվածությունն է այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։ Թվում է, թե շատ պարզ է բացատրված «սեր» հասկացությունը, բայց իրականում այն խոշորագույն միջոցը, պատճառը, պայմանն ու իմաստն է ապրելու: Շնչու՞մ ես՝ ապրում ես, ապրու՞մ ես՝ սիրի՛ր, քանի դեռ ժամանակը հոսում է…
Սիրո համար ժամկետ չկա, միշտ էլ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը կենդանի է (Կարամզին):
Ըստ Վահրամ Փափազյանի՝ «Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը՝ մարդ մնալու կարևորագույն պայմանը»: Բացի մարդկանցից, մյուս բոլոր շնչավոր արարածները նույնպես օժտված են սիրելու հատկությամբ: Չնայած այս փաստին՝ բանականությունը առանձնացնում է մարդկանց շնչավորների մի ամբողջությունից, և նրանց հոգու պարունակությանը առաջնորդ նշանակելով հավատին՝ մարդկանց դրդում է սիրո տեսքով արտահանել այն ներսից և ի ցույց դնել աշխարհին: Ըստ Դիդրոյի՝ «Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի»: Իհարկե, երբեմն էլ բանականությունը մխրճվում է իր արած-չարածների սարդոստայնում, ու սիրո զոհն է դառնում և՛ լավ, և՛ վատ իմաստով: Իրոք, հնարավոր է և՛ սիրել, և՛ հավատարիմ մնալ բանականությանը ու իմաստուն լինել: Առանց մտածելու սեր զգալը նույնիսկ անհեթեթ է հնչում, իսկ Բեկոնի այն խոսքի հետ, թե՝ «և՛ սիրել, և՛ իմաստուն լինել`անհնարին է». չեմ կարող համաձայնել:

Պլատոնական սեր. կա՞, թե՝ չէ:

Իրականում մինչ օրս չէի լսել «պլատոնական սեր» արտահայտության մասին: Երևի պատճառը քիչ տեղեկացված լինելն է: Համենայն դեպս, այդ արտահայտությոնը լսելիս առաջինը մտքիս փիլիսոփա Պլատոնն եկավ, ու անտեղի չէր: Ըստ համացանցային տեղեկությունների՝ այս արտահայտությունը անմիջականորեն կապված է Պլատոնի հետ: Նրա պատկերացմամբ սերը պետք է լինի մաքուր, իդեալական, մարմնական զգացմունքներից հեռու: Երկար մտածելու տեղիք է տալիս, ու փաստորեն այս հարցի շուրջ շատերն են խորհել, արտահայտել իրենց մտքերը: Մի աղջկա բլոգում պլատոնական սիրո մասին կարդացի. «Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Սեր, որը վեհացնում է, հոգևոր կապ ստեղծում, սնուցում առանց որևէ նախապայմանի ու պարտավորության»: Սիրել կարող ենք մեր իդեալներին: Կարող ենք պատկերացնել երևակայական մեկին, ով անթերի կլինի, կունենա այն լավ կողմերը, որոնք մենք ցանկանում ենք ու ձգտում ունենալ, ու պարզապես մնում է սիրել նրան: Բացի այդ, սերը մաքուր է լինում, երբ ամբողջ սրտով ես սիրում ու հոգիդ կիսում նրա հետ: Բնականաբար, մարմնական զգացմունքներից հեռու՝ պլատոնական սերը ավելի հաճելի է թվում, բայց դրա հետ մեկտեղ դժվարանում է: Չէ՛, ճիշտ չէ, որ մարդիկ ընդունակ չեն պլատոնական սիրով սիրել, դա գերբնական, կամ գերմարդկային հատկանիշ չէ: Առավել ևս հասկանալով, որ նյութական սերն անավարտ չէ, պլատոնականը ավելի բարձր դիրք կգրավի և ավելի շատ հետևորդներ կունենա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել