Ահա այսպիսի հռետորական հարց: Սակայն հարցը պատասխան է պահանջում: Ամուսնական ուխտի հավատարմության հիմնախնդիրը այսօր նորանոր տարածքներ է ընդգրկում:  Անհավատարմության հզոր սամումը իր ճանապարհից  սրբում հեռացնում է  ամեն լավագույն ցանկություն և նկրտումներ: Ամբողջ աշխարհում համասեռամոլության շուրջ ծավալված աղմուկի ներքո այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բնականոն հարաբերությամբ  «լևի գնալը» այնքան էլ վտանգավոր բան չէ: Որոշ քաղաքակրթություններում և մշակույթներում նույնիսկ օրինականացրել են դրանք: Շատ երկրներում էլ կասկածի ենթակա չէ, որ դա ուժեղ սեռի մենաշնորհն է, թեպետ հետաքրքիր է, թե այդ ում հետ են դավաճանում տղամարդիկ:

Անկասկած է, որ անբնական են թե հոմոսեքսուալ և թե «լևի» հարաբերությունները:

Աստված միանշանակ դատապարտում է դրանք: Խնդիրն այն է, որ առաջինի շուրջ մեծ աղմուկ և քննարկումներ են ծավալվում, իսկ երկրորդը մնում է ստվերում:  Սակայն ծավալների և տարածվածության առումով «լևի գնալու» երևույթը ահագնացող չափերի է հասել, քանի որ գործում է հասարակական լռության ներքո: Ո՞ւմ չի հայտնի, որ շատերն են պարծենում թույլ սեռի  /նաև ուժեղ/ հանդեպ տարած հաղթանակների քանակով:  Վերջերս կատարված անանուն հետազոտություններից մեկում պարզվել է, որ դավաճանում է տղամարդկանց 82 տոկոսը: Թիվը առավել քան զգաստացնող է… Հարցրեք ցանկացածին, և նա կրծքով կպաշտպանի ամուսնական հավատարմության սկզբունքները, սակայն կյանքն այլ բան է ապացուցում:

Հասարակության մեջ որոշակի հանդուրժողականություն կա տղամարդու դավաճանության առումով, ինչը չի կարելի ասել կանանց առումով: Վերջին, միակ և զորեղ ապացույցը այս հարցում եղել է և մնում է …բռունցքը:

Հետաքրքիր է, որ քրիստոնեության ակունքը`  Աստվածաշունչը այդ երևույթը անվանում է «շնություն»: Սա պետք է մտորելու տեղիք տա: Իսկ Քրիստոսն ավելի նուրբ հարթության վրա դրեց ամուսնական ուխտի և մահճի կարևորությունը. «Բայց Ես ասում եմ ձեզ ,թե ամեն ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ» /Մատթեոս 5,28/: Մտորելու ընդարձակ դաշտ տղամարդկանց համար և քննարկումների լայն ոլորտ… Մենք չենք կարող մտածել, որ դավաճանությունը, անհավատարմությունը անմեղ զվարճություն է կամ սթրեսի բուժման լավագույն ձևը: Սա  է որ քանդում է  հասարակության հիմքը և աղավաղում բարոյականության չափանիշները:

Ցավոք, հայկական մենթալիտետը նույնպես ենթադրում է տղամարդու գերաշնորհ կարգավիճակը /դուռ է բացում «լևի գնալու»  համար/  իսկ շատ կանայք նույնիսկ մատների արանքով են նայում դրան` «միայն թե փող բերի տուն, գլուխը քարը»: Խնդիրը նաև սոցիալական է , քանի որ բաժանությունների դեպքում քիչ կանայք կարող են միայնակ գլուխ հանել մերօրյա բարդ պայմաններից /իբր տղամարդիկ շատ են կարողանում/: Եկեք սրան գումարենք նաև միայնակ կանանց խնդիրը, քանի որ շատ հայ տղամարդիկ են աշխատում դրսում: Բայց սրանք ընդամենը պատճառներ են:

Քննարկումների նյութ է նաև հասարակական վայրերում/ոչ միայն/ երիտասարդների պահվածքը: 17-18 տարեկաններին հաճախ կարելի է տեսնել սիրո, անշարժացած դիրքերում  համբուրվելիս/մեզ չի հետաքրքրում հասարական կարծիքը/: Դե իսկ չամուսնացածների` գրկախառնված քայլելը  համարյա չենք էլ նկատում:  Ասենք, որ «դաստիարակչական» լայն աշխատանքներ են տանում նաև անհեթեթ սերիալները, կասկածելի արժեհամակարգով  ֆիլմերը, որտեղ սիրահարված/իբր/  զույգը նվաղելով անզուսպ /իբր/ կրքից, չի դիմանում և մինչև ամուսնանալը  անկողին է մտնում:  Սա դանդաղ, աննկատ, ենթագիտակցության  մակարդակում  գործող թույն է, որ խեղում է  մարդկային անպաշտպան  հոգեբանությունը և դարձյալ աննկատ ձևերով դուռ  բացում «լևի» կապերի համար, ջնջելով ու  լղոզելով  ճշտի, առաքինության սահմանները: Այստեղ էլ հասարակությունը մեղմ հումորով և «ըմբռնումով» է մոտենում մարդկային այս թուլություններին:

Իսկ մերօրյա կանացի հագնվա՞ծքը, բացվածության չափե՞րը: Շոգը շոգ, սակայն մերկության աստիճանը վտանգավոր չափերի է հասել: Ավելացնենք նաև «ռաժոկով» հագած շալվարները  և պատկերը պարզ կլինի:  Թվում է թե հիստերիկ մրցություն է` ով ավելի «հետաքրքիր» և ավելի անսովոր կներկայանա… Հասկանանք, որ մեծ բաները սկսվում են փոքրերից և աննշան զիջումն անգամ դուռ է բացում հերթական «առաջխաղացման՚ համար: Այնինչ Աստված այլ կերպ է նայում բարոյականության հարցերին, որտեղ հստակ սկզբունքներ են գործում: Այդ սկզբունքների խախտումը, համասեռամոլության թե «լևի գնալու» ձևով /և նույնիսկ մտավոր մարզանքներով/  միշտ էլ հղի է կանխատեսելի և անկանխատեսելի վտանգներով: Ահա թե ինչու այնքան որոշակի և խիստ մերօրյա է հնչում Սինա սարի վրա  հռչակած  և պատվիրանների  քարե տախտակների վրա անմահացրած  աստվածային պատգամը` «Մի շնանա»: Ժամանակակից լեզվով դա այսպես է հնչում` «լևի մի գնա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել