1in.am-ը գրում է.
Գիտնականները և աշխարհի ավելի քան 100 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ մարտի 31-ին ավարտել են Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում անցկացված հնգօրյա հանդիպումը, որի արդյունքներով հրապարակվել է Կլիմայական փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նոր զեկույցը։ Զեկույցի համաձայն՝ աշխարհը պատրաստ չէ կլիմայի փոփոխությունների վտանգներին դեմ առ դեմ կանգնելուն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Օդի բարձրացող ջերմաստիճանը կդառնա եղանակային ավելի ծայրահեղ երևույթների, սննդի և ջրի պակասի, ինչպես նաև էկոհամակարգերի անշրջելի փոփոխությունների՝ կորալների մահվան, անտառների վերացման ու կենդանիների տեսակների անհետացման պատճառ:
Աշխարհի ռեսուրսների ինստիտուտից կլիմայի հարցերով վերլուծաբան Քելի Լևինի խոսքով՝ կլիմայի փոփոխությունների ազդեցություններից չի խուսափի աշխարհի որևէ տարածաշրջան:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունների պատճառով առաջացող ջրհեղեղները հիմնականում կազդեն Աֆրիկայի պետությունների և Ավստրալիայի վրա։ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի պետությունների վրա ազդեցություն կգործի չափազանց շոգ եղանակը:
Նման երևույթներից, ըստ վերլուծաբան Լևինի, ամենից շատ կտուժեն բնակչության ամենաչքավոր խավերը, որոնք չունեն կլիմայի փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտ միջոցներ: Նա ասել է նաև, որ եղանակի նման փոփոխությունները բացասաբար կազդեն պարենային անվտանգության ու մարդկանց տնտեսական բարեկեցության վրա:
Որոշ կարծիքների համաձայն՝ չնայած զեկույցը հիմնականում ծանր հետևանքների մասին է, այն միաժամանակ լուծումներ գտնելու հնարավորություններ է ընձեռում: Զեկույցում ուսումնասիրվում են հասարակությանը հարմարեցնելու, հասարակության մեջ տեղի ունեցող երևույթները մեղմելու ու փոփոխելու եղանակները, որոնք կնպաստեն ոչ միայն կլիմայի փոփոխություններին պատրաստ, այլև սկզբունքորեն ավելի լավ աշխարհ կառուցելու հնարավորությունների ձևավորմանը:



