1in.am-ը գրում է.

Երեկ ՌԴ Պետդումա միանգամից երեք օրենսդրական նախագիծ է մտցվել՝ կապված Ռուսաստանի հետ միաժամանակ այլ երկրի քաղաքացիություն ունենալու հետ:

Առաջինը դեռ նախորդ շաբաթ առաջ է քաշել օրենսդրական դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը: Նախագիծը նախատեսում է պարտադիր աշխատանք սահմանել այն մարդկանց համար, ովքեր կթաքցնեն մեկ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը:

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցության պատգամավորները ևս երկու օրինագիծ են ներկայացնել Դումա:

Առաջինով 200 հազար ռուբլու չափով կտուգանվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր կթաքցնեն իրենց երկքաղաքացի լինելու հանգամանքը: Դրա փոխարեն հնարավոր է նաև պարտադիր աշխատանք՝ մինչև 400 ժամ։ Սա կուսակցության պատգամավոր Անդրեյ Լուգավոյի նախաձեռնությունն է:

Այս օրինագծի գաղափարն արդեն իսկ արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությանը: Ենթադրելի է, որ մոտ ապագայում այն ուժի մեջ մտնի:

Լուգանովի կուսակիցներից Սերգեյ Իվանովն էլ ավելի «կոշտ» նախագիծ է առաջ քաշել:

Ըստ դրա՝ անձը բացի Ռուսաստանից մեկ այլ երկրի անձնագիր ստանալիս պետք է մեկ ամսվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի իշխանություններին, այլապես տուգանք՝ 2500 ռուբլի: Ընդհանրապես թաքցնելու դեպքում տուգանք՝ 300 հազար ռուբլի, պարտադիր աշխատանք կամ ազատազրկում նրանց համար, ում զբաղեցրած պաշտոնը նախատեսում է արգելք երկքաղաքացիության համար: Սա վերաբերում է նաև ընտրություններում թեկնածու առաջադրված անձանց:

Ստացվում է, որ երբ Ռուսաստանը հետխորհրդային երկրների քաղաքացիների համար հեշտացնում է ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքը՝ նրանց անձնագիր տալով, հենց այնպես չի արվում: ՌԴ քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող անձը պետք է հրաժարվի իր հայրենիքի քաղաքացին լինելուց և դառնա միայն Ռուսաստանի քաղաքացի: Փաստորեն, եթե ավելի վաղ Ռուսաստանի օրենսդրությունն արգելում էր երկքաղաքացիությունը, այժմ այդ հանգամանքը կոծկողները ստիպված կլինեն տուգանք վճարել:

Ի դեպ, դեռևս 2006 թվականին, ի պատասխան հայ լրագրողի հարցի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը երկքաղաքացիություն չի նախատեսում, և այդ հարցում ոչ մի երկիր բացառություն չէ:

«Այլ երկրների քաղաքացիները, եթե ցանկանում են կապել իրենց կյանքն ու ճակատագիրը Ռուսաստանի հետ, պետք է հրաժարվեն իրենց քաղաքացիությունից և ընդունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Նախատեսված է համապատասխան կարգ, և այն պետք է պահպանվի»,- նշել է նա: 

«Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում իրավիճակը, իհարկե, առանձնահատուկ է, և մենք պետք է ձգտենք ստեղծել պայմաններ՝ պարզեցնելու համար Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու կարգը բոլոր նրանց համար, ոքեր ցանկանում են»,- հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

Այժմ, սակայն, որքան էլ հետխորհրդային երկրների քաղաքացիների համար դյուրացվեն ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմանները, միևնույն է, իրենց երկրի քաղաքացիությունից պետք է հրաժարվեն:

«Առաջին լրատվական»-ը ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, իսկ գուցե այս առաջարկը հրապուրի՞չ լինի հայերի համար և ինչ-որ առումով նաև վտանգավոր, քանի որ շատերը կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Եգանյանն ասաց, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, չնայած արգելքին, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացիներ են: 

Նա հավելեց, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ունենալը չի ենթադրում մշտական բնակություն Ռուսաստանում։ «Հայերը հիմնականում ՌԴ քաղաքացիություն են ստանում, որ աշխատանքի և այլ խնդիրների համար Ռուսաստան մեկնելը ավելի դյուրին լինի, բայց դա մշտական չէ»,- կարծում է Գ. Եգանյանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել