Եթե հուլիսի 17- ին Հարսնաքարում կատարված սպանությունը սոսկ քրեական մի էպիզոդ լիներ, վստահաբար հասարակության և ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջները սոսկ իրավական դաշտում կլինեին: Բայց Վահե Ավետյանի սպանությունն ու սպաների ծեծն այլեւս մեր համբերութեան ռուբիկոնն էր։
Արդարացի է հասարակական ընդվզումի ինքնաբուխ ալիքը, երբ պահանջում է երեւույթի քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականները: Անառարկելի է. այս իրավիճակն ուղղակիորեն արտացոլում է Հայաստանում կարծրացած քաղաքական մշակույթը, արտահայտում արդեն կարծրացած, մեր իրականության բոլոր երեսները ներառող բռնության վարքագիծն ու ավադույթները: Ու, երբ սպառվում են քաղաքակրթական, իրավական բոլոր գործիքներն ու սպասումները, նոյնիսկ ԶՈՒ փոխգնդապետն է անցնում ինքնիրավչութեան։ Այո, խաթարված արժեքներն ու ինստիտուտները խեղում են պետությունն ու հուսատ, անպաշտպան քաղաքացուն դրդում իր իրավունքները փողոցում փնտրել։ Բողոքի ալիքում «Վահե Ավետյանը ես եմ» պաստառով քայլող յուրաքանչյուրն համոզված չէ, որ հաջորդն ինքը չի լինի։ Այո՛, մենք պաշտպանված չենք: Այս ողբերգութիւնը հեռու չէ ոչ մեկից։ (Իսկ փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)։
Թվում էր, թե քաղաքական մեծամասնությունը բավարար խոհեմություն ու քաղաքական իմաստնություն կունենար ու կընդուներ խորհրդարանական ընդդիմության դիմումը՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնն օգտագործելով հարցի շուրջ քննարկում կազմակերպելով։ Պատճառ էր ու առիթ վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից շատ բարձրաձայնվող անկեղծության ռեժիմում քննելու իրավիճակը, անդրադառնալու դրա հրեշավոր, պետությունը վտանգող համակարգայնութանը։ Բայց քաղաքական մեծամասնությունը գերադասում է լռության ռեժիմը, գերադասում է պիտակավորել քաղաքական գնահատական պահանջողներին ու դիմում նախաքննությանը չխոչընդոտելու շատ ծեծված հիմնավորմանը։ Իսկ փողոցն անհանգիստ է, հնարավոր բախումների հեռանկարով պայթուցիկ ։ (Փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)։
Խորհրդարանական ընդդիմությունը երկրորդ քայլն է արել. արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրելու համար 44 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։ Իհարկե, սա առիթ է ընդդիմադիրների և ոչ ընդդիմադիրների սահմանագիծը հստակեցնելու։ Բայց սա, թերևս, այս պահին էական չէ, և ոչ էլ գլխավոր խնդիրը։ Առավել էականը իրավիճակին քաղաքական ախտորոշումն ու գնահատականը տալու մեծամասնության կամքն է ՝ նույնն է թե երկիրը փոսից ու կործանարար ընթացքից շրջելու, սթափվելու կամքը։ Իսկ ժողովրդից ամբոխ մեկ քայլ է, ու հետո, պետք չէ զարմանալ, որ մեր կորցրած հնարավորությունը ուրիշների խաղ ու խաղաքարտ է դառնում։
44 ստորագրություն հավաքելուն 24 ժամ կա, ու ժամանակն արդեն գնում է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/350368361706451
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել