1in.am-ը գրում է.
Ապրիլի 1-ին հայտնի ռուս լրագրող ու գրող Վլադիմիր Պոզները դառնում է 80 տարեկան: Հոբելյարը իր ծննդյան տարեդարձը կնշի Փարիզում, որտեղ ծնվել է:
«Ցանկանում եմ այդ օրը հավաքել ընկերներիս, հարազատներիս, մի խոսքով՝ այն մարդկանց, որոնց ցանկանում եմ տեսնել: Տոն կկազմակերպենք»,- ITAR-TASS-ին ասել է հոբելյարը:
Ծննդյան օրը Պոզները դիմավորում է բարձր տրամադրությամբ: «Մոտ ապագայի համար շատ ծրագրեր ունեմ: Ներկայում ընթանում են Անգլիայի մասին նոր վավերագրական ֆիլմի նկարահանումները: Հունիսի վերջին կավարտվեն դրա վրա աշխատանքները, իսկ աշնանը այն պետք է էկրան բարձրանա»,-ասել է լրագրողը:
Նա նաև հիշեցրել է, որ աշխատում է «Պոզները Պոզների մասին» 2-րդ գրքի ստեղծման վրա, որը «Առաջին ալիքով» «Պոզներ» ծրագրի շրջանակում հյուրերի հետ հանդիպման մասին է:
«Բացի այդ՝ մի միտք ունեմ. ցանկանում եմ նոր ծրագիր պատրաստել, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է լրագրողը:
Պոզները ծնվել է 1934թ. ապրիլի 1-ին՝ Փարիզում: Գալով ԽՍՀՄ՝ նա ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Լրագրության մեջ հայտնվել է 1961-ին:
Նա խոստովանում է, որ լրագրությունը, որով զբաղվում է արդեն ավելի քան 50 տարի, իր համար ոչ թե մասնագիտություն է, այլ կենսակերպ:



