Քեսապցու համար տագնապած՝ առաջարկում եք լքել ծննդավայրն ու գալ Հայաստան, համոզված, թե միակ ապահով անկյունն աշխարհում այստեղ է: Վստա՞հ եք, որ ճիշտ խորհուրդ եք տալիս: Եթե իրողությունը դա է, ինչու՞ են հազար֊հազարներով հեռանում այստեղից, որոնց մեջ Ձեր հարազատներն էլ են: Եթե եկան, Ձեր հարկի ներքո տեղ կտա՞ք, կօգնե՞ք ազատագրված տարածքներում բնավորվեն, կբռնե՞ք կառավարության կոկորդից: Համոզվա՞ծ եք, որ վաղը այս հողը ևս կրակից չի այրվելու: Ասենք՝ նրանք եկան, իսկ Սպահանի, Թավրիզի, Թեհրանի, Լիբանանի, Պոլսի, հենց Թիֆլիսի, Ջավախքի ու Ռուսաստանի հայությա՞նն ինչ եք առաջարկում, նրա՞նք էլ գան: Խոսքը նոր գնացածների մասին չէ, հարյուրամյակներով ապրողների: Քեսապը շրջակա հայաբնակ գյուղերով ինչո՞վ նույն Մուսալեռը չէ, ուրեմն՝ նախորդ հարյուրամյակից առաջ ու սկզբին իզու՞ր էին կռվում Զեյթունն ու Հաճընը, մուսալեռցիք: Ձեր տրամաբանությամբ, Կիլիկիան վաղու՜ց հայրենիք չէր, և պիտի վաղու՜ց փախած լինեին: Քսան թվականին կարող էր Հայաստանի սահմանը չներառել Գյումրին Շիրակի հարթավայրն ու Թալինը, ի՞նչ, այնտեղ ապրողները և՞ս լքեին հող հայրենին: Ձեզ համար հեշտ է, բայց հիշեք՝ այնտեղ նրանց հիշատակներն են, նախնյաց շիրիմներն են, թողեք, թող իրենք որոշեն, իսկ Դուք այս ափաչափ հողին կառչած մնացեք, շենացրեք, եթե կարող եք, ընդարձակեք, եթե կարող եք, պինդ բռնեք հեռացողի ձեռքը, որպեսզի չհեռանա, եթե կարող եք, ոչ թե ականջին փսփսացեք՝ մի բան արա, ես էլ գամ․․․ 
Իսկ գիտե՞ք մայր օրրանից վտարված հայությունն ինչու բնավորվեց արաբական երկրներում, Իրանում, Հունաստանում, Բուլղարիայում, Կովկասում, Կիպրոսում՝ հայրենիքին մոտ, հայրենիքը բոլորած, որպեսզի, երբ պահը գա, հնար լինի, վերադառնա: Այդ հույսով, հավատով, ապրեց, դեռ ապրում է, իսկ Դուք ասում եք՝ հեռացիր, լքիր, այնտեղ հեռանկար չկա: Իսկ որտե՞ղ կա այս անիծյալ հողագնդի վրա հայի համար խաղաղ անկյուն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել