Ուժեղ գլխացավի դեմ կօգնի պայքարել կծու պղպեղըDoctors.am-ը գրում է.

Գիտնականներն անցկացրել են առաջին հայացքից սադիստական թվացող մի փորձ. նրանք կծու պղպեղ էին քսում կամավորների քթի լորձաթաղանթին, արդյունքում վերջիններս սկսում էին փռշտալ, տառապել մրմռոցից և ավելորդ քթարտադրությունից: Ինչու՞ էին հեղինակները որոշել այսպես տանջել մարդկանց: Նրանք ցանկանում էին քթի լորձաթաղանթի վրա պղպեղի գրգռիչ ազդեցությունը ծառայեցնել բժշկությանը, այն է՝ պայքարել ցավի դեմ: Գիտական լեզվով սա հնչում է այսպես՝ կապսաիցինի (կծու պղպեղի հիմնական ազդեցիկ նյութը) տոպիկ ապլիկացիա: Կամավորների դերում հանդես են եկել բժշկական հաստատությունների ուսանողները, ովքեր պետք է գնահատեին ցավային զգացումները՝ 10 բալանոց սանդղակով: Առաջին փորձի ժամանակ գրեթե բոլորը ցավը գնահատել են որպես տանջալից (8-9 բալ), սակայն գիտական կտտանքի հետագա սեանսները զարմացրին գիտնականներին: Պարզվել է, որ ամեն անգամ ցավի ուժգնությունը նվազում էր այնպես, որ 5-րդ օրը ուսանողները գրեթե ոչինչ չէին զգում ՝ ոչ ցավ, ոչ մրմռոց, ոչ արտադրություն: Հաջորդ շաբաթ փորձը կրկնեցին՝ նույն արդյունքը:

Ի՞նչ է կատարվել: Գուցե՞ լորձաթաղանթի ցավային ընկալիչները մահացել են, և այն ընդմիշտ անզգայացել է: Ամենևին: Մեկ ամիս անց դեսենսիտիզացիան բարեհաջող կերպով անհետացել է, և ուսանողները կրկին ստիպված են եղել ենթարկվել կտտանքների և քթին պղպեղ քսել:

Գիտնականները դա այսպես են բացատրում: Կապսաիցինի ազդեցության տակ սպառվում են ցավային ազդակի փոխանցմանը մասնակցող՝ ասյսպես կոչված P նյութի պաշարները: "Պղպեղի փորձի" մի քանի սեանսից հետո այդ պաշարները լիովին սպառվում են, ուստի ցավ այլևս չի առաջանում: Նյարդային բջիջներին պահանջվում է որոշակի ժամանակ՝ այդ կորուստը վերականգնելու համար, ինչից հետո ցավի ընկալումը բարեհաջող կերպով վերականգնվում է:

Գիտնականները փորձեցին հասկանալ, արդյո՞ք այս ֆենոմենը կարելի է օգտագործել՝ ի նպաստ հիվանդների: Գիտությանը հայտնի է գլխացավի մի տեսակ, որը կոչվում է "կլաստերային": "Կլաստերային" գլխացավը  գրականության մեջ նկարագրվում է որպես ամենադաժան ցավերից մեկը: Այս համախտանիշը բուժում են զանազան եղանակներով, այդ թվում՝ նաև նյարդի բլոկադայի, բոտուլինաթերապիայի, վիրաբուժական միջամտության և այլ ծայրահեղ տհաճ եղանակներով: Իսկ ի՞նչ կլինի, եթե քթի մոտ գտնվող նյարդի P նյութի պաշարը ոչնչացնենք՝ դրանով իսկ վերացնելով նրա զգայունությունը:

Պարզվեց, որ դա գերազանց արդյունք է տալիս: Հիվանդների կեսի մոտ նոպաների քանակը նվազեց երկու անգամ, իսկ մյուս կեսի մոտ գլխացավերն ընդհանրապես դադարեցին: Պետք է նշել, որ արդյունքն արտահայտվում էր միայն այն դեպքում, երբ պղպեղը քսում էին ախտահարման կողմում (կլաստերային ցավերը, որպես կանոն, միակողմանի են):

Հույս ունենք, որ հիմնվելով այս հետազոտության արդյունքների վրա, դեղագետները կստեղծեն քթային քսուկ, որը կթեթևացնի միլիոնավոր մարդկանց կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել