Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավարության հետ խորհրդակցությանը ՀՀԿ նախագահ, համատեղության կարգով ՀՀ նախագահ ՍՍ-ն ասել է, թե երկրի սահմանի վրա և սպառողին հասնող գազի գնային տարբերության պատճառը այդ համակարգում կատարված/կատարվող ներդրումներն են, և դա պետք է բացատրել բնակչությանը, որպեսզի մարդիկ հասկանան: Լավ, որպես բնակիչ ես դա հասկացա, բայց միաժամանակ չհասկացա, թե ոնց պատահեց, որ գազի գնի բարձրացման ժամանակ նրանից համարյա կրկնակի բարձրացավ հոսանքի գինը: Հատկապես, որ գազի բաժինը հոսանքի ստացման մեջ 40 տոկոս է կազմում: Եվ բնականաբար, հոսանքի թանկացումն էլ պետք է 2,5 անգամ պակաս լիներ գազի թանկացման չափից: Թե՟ հոսանքի համակարգում էլ են ներդրումներ կատարվում, ինչը սակայն որպես սպառող ես չեմ տեսնում: Բայց անընդհատ լսում եմ, որ ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը աստղաբաշխական թիվ է կազմում` մեր երկրի չափանիշներով:



