Ավարտվեց Դոհայում անցկացվող մարտի 25-30-ը կայանալիք Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցույթում Հայաստանը պատվով ներկայացրեցին հայազգի մարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնեց Քաթար: Այնտեղ թիմը 10-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց տանտերերի ընտրանու հետ, որը գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան Էդուարդ Գևորգյանը: Վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզչի օգնական Արտյոմ Ավետյանի սաները գերազանցեցին բոլորի սպասելիքները՝ իրենց փայլուն ելույթներով: Մրցույթի առաջին իսկ օրվանից հայ մարզիկները գլխավորում էին լավագույնների ցուցակը։ Նժույգաթափերում 15, 475 միավորով լավագույնն է ճանաչվել Հարություն Մերդինյանը՝ Աշխարհի գավաթի 2014թ. խաղարկությունում 1-ին ոսկե մեդալը պարգևելով Հայաստանի հավաքականին: Օղակների վրա լավագույն 1-ին ու 2-րդ տեղերը զբաղեցրել են հայ մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանը, ով 15, 575 միավորով դարձավ ոսկե մեդալակիր և Վահագն Դավթյանը, ով 15, 425 միավորով նվաճեց արծաթե մեդալ: Մրցույթի երկրորդ օրը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Հենացատկում Արթուրը փայլուն ելույթի արդյունքում 15,262 միավորով արժանացել է ոսկե մեդալի: Հայ մարզիկների այսպիսի հիանալի արդյունքները ևս մեկ անգամ խոսում են նրանց աշխատասիրության և նպատակասլացության մասին։ Շնորհավորենք նրանց և մաղթենք նորանոր հաղթանակներ։









