Երևի թե այս` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» արտահայտությունն այնքան հին է, որքան և մենք հայերս, սակայն գյուղատնտեսության տեսանկյունից ուղղակիորեն այդ արտահայտությունից ոչ մեկս դաս չի քաղել:
Ինչ-որ կարկտակայաններ տեղադրվեցին, բայց դե կարևորն այն է, որ ունենք. թե ինչ օգուտ կտա կարկուտին կամ կարկուտից տուժողին, դա արդեն այլ հարց է:
Մենք պատրաստ չենք գյուղատնտեսական ոլորտի մեջ զարգացում գրանցել, քանի որ ոլորտը համակարգող վերին օղակներում ոչ թե ծրագիր են մշակում նման բնական ազդակներին պատշաճ դիմակայելու առումով, այլ հույսները դնում են բացառապես աղոթքի վրա: Աղոթքը վատ բան չի, հավատացեք, ես աղոթելուն դեմ չեմ, բայց ծրագիր ու արդյունավետություն այս պահի դրությամբ չունենք՝ կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերն ու այգիները պաշտպանելու առումով: Ամենաթարմ օրինակը Արմավիրի մարզի բազմաթիվ գյուղացիներին հասցված վնասները:
Մինչ մեր մոտ զբաղված են աղոթելով՝ կարկուտը միշտ էլ ծեծած տեղն է ծեծելու: