Գաղտնիք չէ, որ բոլորն էլ ստում են կյանքում: Ոմանք ստում են հաճախ, ոմանք՝ հազվադեպ: Առաջին խմբի մարդկանց ընդունված է անվանել խաբեբաներ, սուտասաններ, երկրորդ խմբին՝ ազնիվ մարդիկ (էվրիկա :ճ դե չէ, բացահայտում չարեցի): Որպես կանոն ՝ առաջին խմբին պատկանող մարդկանցից շատերս խուսափում ենք, երկրորդներին՝ հարգում: Բայց արդյո՞ք բոլոր դեպքերում է պետք դատապարտել ստախոսին.. Եկեք դիտարկենք Կոլբերգի՝ անձի բարոյական զարգացման տեսությունը:
Կոլբերգն առանձնացնում է անձի բարոյական զարգացման 6 փուլ: Նա չի կապում բարոյական զարգացման փուլերը որոշակի տարիքային փուլերի հետ. անցումը մի փուլից մյուսին տեղի է ունենում կոգնիտիվ հմտությունների կատարելագործման արդյունքում: Մարդկանց մեծամասնությունը հասնում է առնվազն 3-րդ փուլին, մինչդեռ որոշ մարդիկ այդպես էլ մնում են բարոյապես չհասունացած: Առաջին 2 փուլերը վերաբերվում են երեխաներին, որոնք դեռ չեն սովորել լավի և վատի մասին հասկացությունները: Նրանք փորձում են խուսափել պատժից կամ խրախուսում ստանալ: Երրորդ փուլում մարդիկ սկսում են հստակ գիտակցել մյուսների կարիծիքը և ձգտում են այնպես անել, որ ստանան նրանց դրական վերաբերմունքը: Չնայած այս փուլում սկսում են ձևավորվել լավի և վատի մասին սեփական պատկերացումները, մարդիկ հիմնականում ձգտում են հարմարվել շրջապատին՝ նրա դրական վերաբերմունքը ստանալու համար: Չորրորդ փուլում մարդիկ գիտակցում են հասարակության շահերը և նրանում վարքի կանոնները: Հենց այս փուլում է ձևավորվում մարդու բարոյական գիտակցությունը. մարդը, որին խանութում չափից շատ մանր են վերադարձրել, հետ է վերադարձնում ավելը, քանի որ «դա ճիշտ է»: Ըստ Կոլբերգի , վերջին երկու փուլերում մարդիկ կարող են բարձր բարոյական արարքներ անել: Հինգերորդ փուլումմարդիկ սկսում են հասկանալ տարբեր բարոյական դատողությունների միջև եղած հակասությունները: Այս փուլում մարդիկ կարող են ընդհանրացումներ անել, պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե բոլորը սկսեն իրենց որոշակի ձևով պահել: Այդպես ձևավորվում են սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչն է «լավ», ինչը՝ «վատ»: Օրինակ՝ ընդհանուր առմամբ չի կարելի ստել, բայց որոմ դեպքում կարելի է արդարացնել սուտը՝ «փրկության» համար: Վեցերորդ փուլում մարդկանց մոտ ձևավորվում են սեփական ունիվրսալ և հետևողական բարոյական սկզբունքները: Նման մարդիկ զուրկ են եսակենտրոնությունից: Նրանք իրենց այնպիսի պահանջներ են ներկայացնում, ինչպես ցանկացած այլ մարդու:
Ինչպես տեսնում ենք՝ բարոյական զարգացման հինգերորդ փուլ հասած մարդու սուտը կարող է «արդարացված» լինել, եթե նա դա արել է ինչ-որ մեկին «փրկելու» համար: Օրինակ, ո՞վ կարող է ասել, որ երբեք չի ստել մայրիկին կամ տատիկին՝ ասելով, թե իր հետ ամեն ինչ կարգին է, կամ նա իրեն շատ լավ է զգում: Սակայն դա արել է, որպեսզի մայրիկին կամ տատիկին ավելորդ անգամ անհանգստանալու առիթ չտա: Այս դեպքում կարող ենք սուտը արդարեցված համարել, թե՞ ոչ: Նախընտրելի է քաղցր սուտը, թե՞ դառը ճշմարտությունը:
Ընդանրապես ընդունված է սուտլիկներին 2 խմբի բաժանել. «անվնաս» սուտխոսաններ (պարծենկոտներ, զարգացած ֆանտազիա ունեցողներ) և վնասատու ու վտանգավոր սուտասաններ (խարդախներ, կեղծավորներ, շողոքորթներ):
Լավ, հիմա եկեք սուտ խոսելու ևս մի իրավիճակ պատկերացնենք: Խոստովանում եմ, սա ես երբեմն կիրառում եմ :ճճճճ Եվ այսպիսով, պատկերացրեք, ձեր ընկերը կամ ընկերուհին շատ տխուր է, իսկ դուք ամեն կերպ ջանում եք նրան ուրախացնել: Ի՞նչ անել: Գործի ենք դնում երևակայությունը. հորինում ես մի զավեշտալի պատմություն, որը իբրև թե պատահել է քեզ հետ հենց այսօր (օրինակ՝ պատմություն ես հորինում քո կոտրված կաբլուկի, չստացված պիռոգի, թարս հագած շապիկի և դրանով քեզնից գոհ փողոցում քայլելու և այլնի մասին): Այս դեպքում կարելի է չէ՞ ասել, որ քո սուտը անվնաս է, նույնիսկ՝ օգտակար, որովհետև կարողացավ բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը
Եվ վերջում մի հարց. այսքանը կարդալուց հետ դուք ի՞նչ եք կարծում, կա՞ սուտ, որը ճիշտ արժե, թե՞ սուտը սուտ է, բնականաբար՝ աններելի և ստոր արարք ձեր կարծիքով: