1in.am-ը գրում է.

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինևասկա քաղաքում բնակվող 15-ամյա բնակչուհի Ռայլի Սթրեթոնը դատական կարգով իր դպրոցից ստացել է 70 հազար դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

2012-ին Սթրեթոնը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ ատում է իր ուսուցիչներից մեկի օգնականին: Ընդ որում, աղջիկը գրառումը կատարել է ոչ թե դպրոցի, այլ տան համակարգչով:

Իմանալով այդ մասին՝ դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչները աղջկան ստիպել են իրենց հայտնել սոցցանցի իր օգտահաշվի գաղտնաբառը, իսկ հետո նրա ներկայությամբ նայել են աղջկա էջը: Սակայն դրա համար նրանք չեն ունեցել աղջկա ծնողների գրավոր թույլտվությունը՝ ինչպես կարգն է պահանջում: Որպես պատիժ՝ աղջիկը որոշ ժամանակով հեռացվել է պարապմունքներից:

Սթրեթոնի անունից դատարան հայց է ներկայացրել Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը: Հայցում նշվում էր, որ դպրոցի ղեկավարությունը խախտել է աշակերտուհու սահմանադրական իրավունքները: Փաստաբանների խոսքով՝ ուսումնական հաստատությունը իրավունք չունի պատժել սոցցանցում պահվածքի համար:

Դպրոցի ղեկավարությունը նախընտրել է խուսափել հրապարակային դատական պարզաբանումներից և Սթրեթոնին ու նրա շահերը ներկայացնող իրավապաշտպաններին որպես փոխհատուցում վճարել է 70 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել