Ankakh.com-ը գրում է.
500 տարի գիտնականները գլուխ են կոտրում Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերը հասկանալու համար: Հսկան սերունդներին իր գրավոր ժառանգության առյուծի բաժինը գաղտանգրերով է թողել: Գրեթե ամբողջը գաղտնազերծված է ու թարգմանված շատ լեզուներով: Սակայն որոշ նկարների ու վաղ շրջանի գծանկարների վրա արված գաղտնագրերը գիտնականներին այդպես էլ չի հաջողվել գտնել:
Մեր հայրենակից, նկարչուհի Արմինե Խաչատրյանը, որ կարողանում է միաժամանակ գրել երկու ձեռքով, ընդ որում` հայելային արտացոլմամբ, ինչպես Լեոնարդոն է արել, հավատացնում է, որ գտել է նրա գաղտնիքը:
Արմինեն դեռ երեխա տարիքից կարող էր առանց հոգնելու, առանց կտրվելու ժամերով դա Վինչիի նկարների վերատպությունները նայել ու դեռ այն ժամանակ էր տեսնում բաներ, որոնք ուրիշները չէին տեսնում:
- Հայրիկ, նայիր, այստեղ ներքևում հայերեն է գրված,- մի անգամ ասաց աղջիկը հորը` ցույց տալով նկարի տակ արված տարօրինակ «հիերոգլիֆները»:
- Ի՞նչ ես հորինում,- չհավատաց հայրը, չնայած բոլորը գիտեին, որ Արմինեն իրեն հետաքրքրած իրի բոլոր մանրուքները կարող է նկատել:
Նախագուշակ երազը
- Ես արդեն 47 տարեկան եմ (2008-ին), աչքերս փոքր-ինչ տկարացել են, սակայն դեռ կարողանում եմ տեսնել այնպես, ինչպես ուրիշները 10-ապատիկ մոտեցնող հեռադիտակով: Եթե ցանկանում եմ շատ մանր բան տեսնել, շրջում եմ իմ «բինոկլը»` մեծացնելով հեռավորությունը, ինչն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու դրա մակերեսը միկրոն առ միկրոն; Երբ երեխա էի, ինձ թվում էր, թե բոլորն են ինձ նման տեսնում:
Արմինեն ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Մի քանի տարի աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի, իսկ հետո երեխաների ու ամուսնու հետ մեկնել է Լիպեցկ, որտեղ էլ հատուկ հագուստի վաճառքի ֆիրմա է ստեղծել:
-Ես անգամ հեռուստացույց նայելու ժամանակ չունեի: Ննջում էի` պատկերացնելով սիրելի վերատպությունները ու հանկարծ երազումս տեսա Լեոնարդոյին: Նա սկսեց ինձ համոզել կրկին վրձին վերցնել ու երկու ձեռքով միաժամանակ նկարել սովորել: Այդ երազն ինձ հանգիստ չէր տալիս: Ճակատագիրն ասես ինձ կաևորագույն բացահայտման էր առաջնորդում:
Նվիրական գաղտնիքը
Այդ օրը (տարիներ առաջ) նա սուրաց դեպի գրախանութ: Գրադարակին «Լեոնարդո դա Վինչի» գիրքն էր դրված:
- Ես պատահական բացեցի այն. «Սիրտը» գծապատկերով էջն էր: Նայեցի ու ապշեցի. այն տեղում, որտեղ սիրտն է, հստակ հին հայկական տառեր տեսա: Դրանց գծագրությունն առանձնահատուկ է, չնայած որոշ տարրեր կիրառվել են գրության տարբեր համակարգերում. արամեական-պահլավական, սիրիական, եթովպական, հունական…
Արմինեն գնեց գիրքն ու տուն աճապարեց:
Զինվելով տեղեկատուներով` նա վերատպության անկյունում կարդաց.
«Մասիս սարի ճակատին
Մուշ երկրում
Ես լսեցի, որ թուրքերը թլպատել են
Մայրիկիս քույրերին»:
Չգիտես ինչու, բոլոր գրառումները գլխիվայր էին:
- Դրանք անմիտ բառակույտեր չեն,- ենթադրեց Արմինեն:- Նկարում Լեոնարդոն պարզապես 2 տարբերակով մարդկային սիրտ չի պատկերել, ինչպես շատերն են կարծում, այլ Մասիս սարը, հիմա` Արարատը, որի երկու գագաթները, լեգենդի համաձայն, հիշեցնում են երկու սիրտ` մեծի ու մանուկի: Գրառումները գլխիվայր են, որ ընդգծվի, որ դրանք երեխա է կատարել, որը ցանկանում է լսածը փոխանցել:
Տեղեկատուները հաստատեցին նրա ենթադրությունը. արվեստաբանները ժամանակին հաստատել էին, որ դա Վինչին նոտարիուսի և գեղջկուհի Կատերինայի անօրինական որդին է և ընդամենը 5 տարի է ապրել մոր հետ: Նրան մորից խլել են: Մոր կարոտից ապագա հաճարը փորձել է նրա կերպարը վերարտադրել վաղ ուրվանկարներում ու կտավներում:
Այն ժամանակ, երբ Լեոնարդոն նկարել է «Սիրտը», Օսմանյան կյասրությունը հարձակվել է Հայաստանի վրա: Այդ սարսափների մասին է, ըստ երևույթին, ցանկացել պատմել դա Վինչին սերունդներին:
Իր բացահայտման մասին Արմինեն որոշեց ոչ ոքի չպատմել, կարծելով, որ ինչ-որ մեկն արդեն արել է դա: Չափազանց հեշտ էր կարդացվում գրառումը` նրա կարծիքով:
Ամոթխած Ջոկոնդան
- Ամիսներ անց հեռուստացույցով տեսա, թե ինչպես Անգլիայի թագուհին գնեց դա Վինչիի «Երեխան մոր արգանդում» կտավը: Ու հանկարծ հաղորդումը վարողն ասաց. «Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված նկարի կողքին»: Ես զարմացա: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ երևում է, գրված է. «Գրում եմ երկյուղով, որ հանկարծ մայրս չտեսնի»:
Արմինեն իր կռահումների մասին որոշեց վերջապես մասնագետներին ասել ու դիմեց հայտնի հայագետ Ներսես Մկրտչյանին: Տեսողության խնդրի պատճառով պրոֆեսորը չկարողացավ ինքնուրույն տեսնել դա Վինչիի գրառումներն անգամ խոշորացույցով, և Արմինեն նրա համար վերարտադրեց տեքստը:
- Դրանք իսկապես էլ XII դարի հայերեն գրեր են,- զարմացած էր պրոֆեսորը:
Արմինեն ապշած էր` ինչպե՞ս մինչև հիմա ոչ ոք չի բացահայտել դա Վինչիի կոդը: Հարազատները նույնպես ցնցված էին, թե ինչպես է Արմինեին հաջողվել գաղտնազերծել դա Վինչիի գրառումները, որոնցում գիտնականները միայն տարօրինակ տառերի անկանոն կույտեր էին տեսնում: Փորձելով գիտնականներին բացատրել, թե ինչպես են դրանցից նախադասություններ կազմվում, Արմինեն իր տեսողության մի նոր հատկություն բացահայտեց:
- Ամեն ինչ այնքան հասարակ էր թվում: Հայտնի է, որ Լեոնարդոն լատիներենով արած գրառումները գաղտնագրել է հայելու օգնությամբ: Ես նույնպես մեծացել եմ հայելու առջև: Իմ հայրական տանը եռափեղկ հայելի կար, որի ետևում ես դաս էի անում, նկարում ու մեծերին հետևում: Պարզվում է, որ իմ աչքերն այդ ժամանակ հարմարվել են կարդալու ոչ միայն ձախից աջ ու աջից ձախ, այլև` գլխիվայր: Բացի այդ, վերջին տարիներին, ինչպես երազումս Լեոնարդոն էր կարգադրել, հմտացել եմ երկու ձեռքով միաժամանակ գրելուն. այնպես ինչպես նա էր ասում:
Այդ հմտությունները, լուսանկարչական հիշողությունն ու բնածին հատկությունները Խաչատրյանին հնարավորություն տվեցին հայացքով անմիջապես որսալու միավանկ բառերը, որոնք արդեն իր կողմից գաղտնազերծված տեքստից են ծանոթ ու կարդալ դրանք, եթե անգամ դրանցում որոշ տառեր նկարիչն անփույթ է գրել: Արմինեն սենսացիոն բացահայտում արեց նաև` կապված «Մոնա Լիզայի» վերատպության հետ:
- Ջոկոնդայի ճակատին նկարիչը հայերեն գրել է` «Ամոթխածը», իսկ անկյունում` «Կներես, ճչանը»: Ըստ երևույթին, փորձելով ամոթխած աղջկա դեմքից ժպիտ կորզելու պահը որսալ, նա դիմել է զանազան միջոցների: Ասենք` կսմթում էր բնորդուհուն, ստիպում նրան սրտնեղել, իսկ հետո իր ներողությունն է հավերժացրել, ասես դարերին ակնարկելով, թե ինչպես է այդ կերպարը ծնվել:
Մոր կաթի հետ
Թե ինչու է XVI դարի իտալացի նկարիչը գրել XII դարի հայերենով հարցին Արմինեն հետևյալ բացատրությունն է տվել.
- Կարծում եմ, որ հայերենը Լեոնարդոն մոր կաթի հետ է ներծծել: Դա միակ բանն է, որ նրան մորից է մնացել այն բանից հետո, երբ հայրը նրան տարել է Ֆլորենցիա: XII դարում է Հռոմի կաթոլիկ ու հայկական քրիստոնեական եկեղեցիների միջև ունիա կնքվել, ինչի հետևանքով Հայաստանում կրոնական պառակտում է առաջացել: Շատ հայեր հեռացան հայրենիքից ու տեղափոխվեցին Եվրոպա` այնտեղ հիմնվելով: Հայերենում կատարված փոփոխությունները նրանք չեն ընդունել ու անփոփոխ վիճակում իրենց սերունդներին են փոխանցել իրենց իմացած գրավոր ու բանավոր լեզուն:
Արմինեն Լեոնարդոյի հայկական արմատների մասին մի ապացույց էլ է բերում.
- Լեոնարդոն իր գրություններից մեկում նշում է. «Ես Վաչիսն եմ», որը հայերենից թարգմանաբար նշանակում է` «քաղցրս, սիրելիս, լավս»: Այդ անունը նա կարող էր ստանալ մկրտության ժամանակ, իսկ մոր ազգանունը Լևասինարդե էր, ինչը նշանակում է`«հրաշալի առյուծ»: Արմինեն այդ բոլոր գաղտնիքները կարդում է Լեոնարդոյի գրություններում: Ու պատրաստ է ապացուցել դա: Նա արդեն գիրք է գրել, որը կարող է գիտական սենսացիա դառնալ:
«Էքսպրես գազետա» (2008)