Խոսենք «ընտանիք ընտանիքի ներսում» երևույթի մասին, երբ ամուսնացող զույգը, այս կամ այն նկատառումներից ելնելով, մնում է ծնողների տանը: Պատճառները կարող են լինել ազգային, ավանդական պատկերացումները, սեփական աշխատանքով գոյատևելու անկարողությունը: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր ձևով են լուծում այս հարցը: Գոյություն ունեն սկզբունքներ, որոնք թույլ են տալիս շրջահայաց և հավասարակշռված կարգավորելու  ամուսնացած զույգի հետագա ճակատագիրը:

Միանշանակ ակնհայտ է, որ ընտանիքը չի կարող ապրել մեկ այլ ընտանիքի հետ` պահպանելով համակեցության տարրական կաննոները, հոգեբանական առանձնահատկությունները և սեփական  «ես»- ի լիակատար ազատությունը:

Համալսարաններից մեկում  հարցում է անցկացվել  500 զույգ ուսանողների հետ: Նրանք ամուսնականան կյանքի  բարդությունների մեջ առաջին տեղը հատկացրել են  ծնողների հետ փոխհահարբերություններին: Խնդիրն ընդհանրապես բարդանում է համատեղ ապրելու դեպքում: Վերլուծությունները ցույց են տվել, որ ծնողների հետ հակամարտությունները ազդում են ամուսնության վրա  մնացած բոլոր խնդիրներից առավել: Ծնողները հեշտությամբ չեն կարող   բաժանվել նրանից, ում համար տարիներով խնամք են տարել և նաև անկողմնակալ դիրք գրավել: Թե՛ տղայի, թե՛ աղջկա ծնողները ամուսնության առաջին շաբաթներին, ամիսներին և նույնիսկ տարիներին (եթե ոչ ընդհանրապես) հակված են քննատաբար գնահատելու ընտանիքի (համատեղ կյանքի դեպքում) ընդարձակումը, կազմի փոփոխությունը, հատկապես երբ ամեն ինչի մասին դատում են սեփական չափանիշներով. «ես այսպես կանեի, ես այսպիսին էի, բա ես այսպես կանեի» և այլն:

Եվ այսպես, բոլոր ուսումնասիրությունները և հարցումները միակարծիք են, որ հիմնախնդիրների մեծամասնությունը ստեղծում է սկեսուրը: Անցնելով հարսային կյանքի դաժան ու դժվար փորձություններով` նա իրեն իրավունք է վերապահում վերադասավորել հարսի կյանքը` մոռանալով ,որ այդ ուղին ինքն էլ է հաղթահարել երկար տարիներ:

Հետաքրքիր է, որ որոշ ցեղերի մոտ փեսային չի թույլատրվում նայել զոքանչի աչքերին կամ խոսել նրա հետ: Որոշ ազգերի մոտ էլ զոքանչին արգելված է ներկա լինել հարսանիքին: Հիշենք հայերիս մոտ ընդունված և պատմության գիրկն անցած «չխոսկանություն» երևույթը, երբ հարսին չէր թույլատրվում խոսել ամուսնու հոր և եղբայրների հետ: Այս բոլորի իմաստը այն է, որ որոշ բարեկամների ավելի լավ է պահել տարածության վրա:

Հետևությունները ծնվում են ինքնաբերաբար. հարսանիքից հետո ունեցեք ձեր տունը: Դա կարող է լինել թե՛ ձեր սեփական տունը, թե՛ վարձակալվածը: Հարսանիքից հետո առաջին գիշերը և ողջ հետագա կյանքը ձեզ է պատկանում. այլընտրանք չկա: Նույնիսկ ժամանակավոր մի ապրեք ծնողների հետ, որովհետև  չեք կարող մերձ, մտերիմ փոխհարաբերություններ հաստատել և պահպանել դրանք ուրիշի տանը, եթե նույնիսկ ձեր տրամադրությանն են հանձնել մի ամբողջ հարկ և եթե նույնիսկ խոստանում են հանգիստ թողնել ձեզ: Նրանք բաց չեն թողնի ոչ մի հնարավորություն` ձեզ  հիշեցնելու  այդ ամենի մասին: Դուք կզգաք, որ ձեր ձեռքերն ու ոտքերը կապված են: Նույնիսկ սեռական հարաբերությունը կարող է խիստ կանոնակարգման ենթարկվել: Հնարավոր է` տղան չկարողանա օրվա ըվթացքում անգամ  ուշադրության ցույցեր անել կնոջ նկատմամբ: Նման պայմաններում պարզապես անհնար է մերձության հասնել:

Եվ այնուամենայնիվ մերօրյա իրականությունից հեռու չես փախչի: Շատ ապագա սկեսուրներ են «թևերը քշտած» սպասում, թե երբ է գալու ապագա հարսը, որպեսզի սկսեն «դաստիարակության գործընթացը»: Շատ տղամարդիկ էլ ամենատարբեր պատճառներով  չեն կարողանում հակադրվել դրան, և գժտությունները սկսում են խորանալ:

Բոլոր դեպքերում զույգը հասկանում է շատ կարևոր մի ճշմարտություն` անկախություն և ինչքան հնարավոր է շուտ: Բայց սա երբեք էլ չի նշանակում անտեսել բնականոն հարաբերությունները և հիանալի շփումները  ծնողների հետ:  Տղամարդիկ կարող են ծաղկեփունջ նվիրել զոքանչին նրա ծննդյան օրը: Կինը ևս կարող է ուշադրության ցույցեր անել ամուսնու մոր նկատմամբ:Կարող եք նրանց ճաշի  հրավիրել:

Սովորեք ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին կան: Հնարավոր է` դուք ցանկություն ունեք  ինչ-որ բան փոխել նրա մեջ, բայց իմացեք, որ նույն ցանկությունը նրանք էլ կունենան: Ամուսնական կյանքում կան  բաներ, որոնք միայն ու միայն ձեր  սեփականությունն են, և այդ մասին աշխարհում ոչ մեկը չպետք է իմանա: Ոչ ոք իրավունք չունի  ներխուժելու ընտանեկան սրբարանը: Նման փորձերը  միայն ավելորդ դառնություն և ցավ կպատճառեն: Հայկական իրականության մեջ դեռևս կան ընտանիքներ, ովքեր կուսության հարցը բարեկամա-հարևանական քննարկումների առարկա են դարձնում:  Այդօրինակ քննարկումները և բամբասանքները միայն անհեթեթ և նվատացուցիչ վիճակի մեջ կդնեն զույգին և հատկապես աղջկան: Մոռացեք դրա հետ կապված որևէ ավանդույթ, ծես կամ միջոցառում: Ամուսինները պետք է հիշեն,  որ երբեք չի կարելի քննարկել կողակցի սխալները ծնողների, բարեկամների և հարևանների հետ: Զրույցների ժամանակ անիմաստ է օրինակ բերել սեփական հարազատներին: Պետք չէ նաև սպառնալ, որ կգնանք (առավել ևս չգնանք) տուն, մայրիկի մոտ:

Իսկ ահա ծնողները պետք է իմանան, որ չի կարելի խորհուրդ տալ, քանի դեռ զավակները  չեն հարցրել այդ մասին: Հիշեք, որ նրանք` ամուսնացողները, վաղուց արդեն անցել են դաստիարակության տարիքը, և դուք վաղուց պետք է անեիք դա:

Երիտասարդները պարտավոր են ուշադիր լինել նոր հարազատների հանդեպ: Պարզապես այցելելու ժամանակ երկար մի մնացեք: Եթե խորհուրդ են տալիս, վարվեք այնպես, որպես թե ստացել եք լավագույն ընկերոջից: Շնորհակալությամբ ընդունեք այն: Օգտվեք այդ խորհրդից, եթե ձեզ հարմար է, իսկ եթե ոչ` անտեսեք:

Ամուսնու ծնողների  մեջ որոնեք դրականը և  ոչ  բացասականը: Աշխատեք ուրախանալ ձեր նոր ընտանիքով: Եվ հիշեք, որ հարազատների հետ հիմնախնդիրները ստեղծվում են երկու կողմի մեղքով, և ոչ մեկը երբեք առանձին  մեղավոր չէ: Այս հարցի մասնագետներից մեկը գրում է.. «Դուստրերն ու զավակները պետք է ամենայն հարգանքի ու պատվի արժանացնեն իրենց ծնողներին, սակայն չի կարելի թույլ տալ, որ նրանք միջամտեն սեփական զավակների դաստիարակության գործին, և ղեկավարման սանձերը պետք է ամուր պահել սեփական ձեռքերում»:

Կյանքում պատահում են իրավիճակներ, երբ հարկավոր է օգնել և սատարել տարեց, հիվանդ կամ խնամքի կարոտ ծնողներին: Այդ դեպքերը նույնիսկ ենթակա չեն քննարկման: Բարոյական է, որ պետք է հարգանքով վերաբերվել այս կյանքի վետերաններին և հարթեցնել նրանց ճանապարհը նրբանկատությամբ ու խոհեմությամբ: Է. 19 դարի գործիչներից մեկը  այսպիսի հուզիչ տողերով է մեկնաբանում այդ ամենը. «Նրանց ալևորությունը պատմում է մեզ մղած ճակատամարտերի ու փորձությունների, հարուստ փորձառությունների մասին. պատմում է մեզ, որ նրանք հոգնած են և նրանց հանգիստը մոտ է, և որ շուտով դատարկ կմնա ու կամայանա նրանց զբաղեցրած տեղը»:

Հիմնախնդիրն այն  է, որ երկու ընտանիքի սերտ փոխհարաբերությունները խախտում են միմյանց արժանապատվությունը: Քննադատությունը, հանդիմանությունը վիրավորում են դիմացինին, եթե դա չի արվում մեծագույն քնքշությամբ և նրբանկատությամբ: Բոլորն էլ կարող են սխալվել, և կարիք չկա լուն ուղտ դարձել: Ընտանիքները շատ ավելի երջանիկ կլինեն, և փոխադարձ հարգանքը ավելի մեծ, եթե ապրեն առանձին: Լավ իմանալով միմյանց թուլություններն ու թերությունները` հեշտ է խոցել և վիրավորել մարդուն: Հարազատների հետ փոխհարաբերություններում մենք երբեք չենք վրիպում:

Երիտասարդ զույգի առանձին ապրելու սկզբունքն ինքնին չի նշանակում անտեսել այս կյանքի վետերաններին և ուրախությամբ ու լույսով չլցնել նրանց կյանքի վերջին տարիները: Պատասխանատվություն ու պարտք գոյություն ունի ծնողների հանդեպ և դա չի խամրում տարիների կամ տարածության հետ: Անհրաժեշտ է հիշել, որ նույնիսկ ամենաիդեալական պայմաններում տարեց ծնողները քիչ ուրախություններ ու մխիթարություն ունեն, իսկ եթե սրան գումարենք նաև հիվանդություններն ու անհոգի վերաբերմո՞ւնքը: Ի՞նչը կարող է համեմատվել տարեց, անօգնական ծնողներին դառնություն ու վիշտ պատճառելու հետ: Նրանց կյանքի վերջին տարիները պետք է լինեն լավագույն տարիները:

Արդյո՞ք զավակներն իրենք չեն ուրախանա, որ հանգստություն և ուրախություն են պատճառում սիրելի ծնողներին և հարթում գերեզման տանող նրանց ճանապահը: Եթե դուք սիրով չեք ծառայում հոգնած, անօգնական ծնողներին, խղճի խայթով կլցնեք ձեր հոգին և դառը ափսոսանքով, եթե միայն ամբողջովին չի կարծրացել ձեր սիրտը: Չէ՞ որ տարեցները հատկապես կարիք ունեն սիրո և ուշադրության, ամենայն կարեկցանքի…

Եվ հիշեք. դա նույնությամբ ձեզ է վերադառնալու: Ի վերջո,  ընտանիքը նաև հիշողությունների թանգարան է, բարձրագույն մի դպրոց, որտեղ ուսուցանվում են բարության, քնքշության, եսասիրությունից ազատագրվելու սկզբունքները, ինչը սովորում և իրենց հետ կյանք են մտցնում մեր ժառանգները: Ձեր օրինակը լավագույն դասը կլինի նրանց համար և ձեր ողջ ջանքերի հրաշալի փոխհատուցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել