ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի հոդված 11-ի բ կետը ոչ միայն բացառում է ջրային բացասական հաշվեկշռի առաջացման հանգամանքը, այլև սահմանում է լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը:
Ինչպես արձանագրեց «Փաստինֆոյի» թղթակիցը այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պետական և քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ կայացած կլոր սեղանի քննարկումների ընթացքում, համաձայն մասնագիտական գնահատականների, Սևանա լճի մակարդակը 2001թվականից ի վեր նախատեսված 2,7 -ի փոխարեն ավելացել է 3,81 մետրով:
Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսական կարիքների համար` 40 հազար հեկտար հողեր ջրարբիացնելու նպատակով, կառավարության կողմից առաջարկվող 320մլն-ի փոխարեն Սևանից կարելի է բաց թողնել 280 հազար խմ ջուր: Լիարժեք ոռոգման ծավալներին հասնելու համար առաջարկվում է որպես լրացուցիչ աղբյուր օգտագործել ջրամբարներում կուտակված ջրերի պաշարները:
Ըստ հանձնաժողովի ներկայացուցչի՝ դա հնարավորություն կտա լճի մակարդակը իջեցնել ընդամենը 3 սանտիմետրով, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրապետության գլխավոր ջրային ավազանի էկոլոգիական ներկա իրավիճակի վրա:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=390839284298214&id=364346756947467
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել