1in.am-ը գրում է.

Ջաբաքջուրյանների ընտանիքը պատկանում է 2012-ին սիրիական պատերազմից փախած և Հայաստանում հաստատված ընտանիքների թվին, ովքեր թեև դժվարությամբ, բայց հաստատվել են հայրենիքում և ընտանիքով՝ հայր, մայր և որդի, հիմնել իրենց փոքրիկ «Կայծ» լահմաջոյանոցը: Ընտանիքը շարունակում է Սիրիայում մասնագիտացած գործը Հայաստանում իրականացնել: 

«Երկիրը երկիր է» կարգախոսը պատահական չի հայտնվել նրանց լահմաջոյանոցի պատերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կայծ Ջաբաքջուրյանը՝ ընտանիքի ավագ որդին, նշեց, որ այս կարգախոսը ժողովրդին արթնացնելու նպատակ ունի, որ չարտագաղթեն: 

«Այստեղ ամեն ինչ ok է: Ճիշտն ասած՝ երկու տարի առաջ Սիրիայից դժվարությամբ եկա, բայց լավ է գործս, կամաց-կամաց կդասավորվենք: Առաջին անգամ էի Հայաստան գալիս, դժվար բան չգտա, միայն երկու դժվարություն կար ինձ համար՝ արևելահայերենը և ռուսական տառերը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Կայծը՝ հավելելով, որ թեև 2012-ի սեպտեմբեր ամսին Հայաստան եկավ պայմանով, որ հետ կգնա, բայց ստացվեց այնպես, որ մեկ տարվա ընթացքում աշխատեց Հայաստանում:

«Փորձում եմ ամենալավը, ամենամաքուրն աշխատել: Այս մեկ տարվա ընթացքում որևէ դժգոհություն չի եղել որևէ հաճախորդի կողմից»,- ասաց Կայծը՝ նշելով, որ թե՛ տեղացիներ են գալիս և թե՛ սիրիահայեր:

Նրա խոսքով՝ շատ սիրիահայեր դեռ հույս ունեն, որ կվերադառնան, որ պատերազմը շուտով կավարտվի, բայց անձամբ ինքը որոշել է մնալ Հայաստանում. «Ես հուսով եմ, որ կլավանա, բայց այդ հույսին ես մտիկ չեմ անում, ես միտք ունեմ այստեղ կյանքս շարունակել, մյուսներին կմաղթեմ՝ հայրենիք վերադառնան և այստեղ աշխատեն»:

Հայրը՝ Գրիգոր Ջաբաքջուրյանը, իր աշխատանքը կատարում է սիրով, անկեղծորեն խոստովանում է, որ այս ընթացքում բազմաթիվ հայաստանցի ընկերներ ձեռք բերեց, որոնք էլ իրենց հերթին իրենց բարեկամներին և ընկերներին բերեցին:

«Հայրենիքով ուրախ եմ, բայց դժվարությունն այն է, որ մեզ համար մի քիչ դժվար էր, որ այնտեղ սեփական տեղեր ունեինք, ես ու տղաս աշխատում էինք, մենք հանգիստ էինք աշխատանքի և փողի տեսակետից, մենք մեր տարածքներն ունեինք: Այստեղ մեկ տարվա մեջ երկրորդ տեղն ենք փոխում. Խորենացի փողոցից եկանք Նալբանդյան, ու կարծես նորից այբ բեն գիմեն սկսենք: Մենք հայրենիքից ոչ մի գանգատ չունենք, ուրախ ենք, հանգիստ, ես ու իմ կինը երեխաների հետ ուրախ ենք, մենք ուրախությամբ եկանք, մենք չպետք է նմանեցնենք գործերը, քանի որ եթե նմանեցնենք եկամուտի առումով, չենք կարող աշխատել, այնտեղ տարիների ընթացքի աշխատանքի արդյունք էր: Այստեղ էլ մենք որևէ բանի գանագատ չունենք»,- ասաց Գրիգորը:

Կայծը հայրենի հողի վրա իրեն ամուր է զգում. «Սփյուռքում մենք համայնք էինք, հայրենիք չենք ապրել, երբ դու քո հողի վրա ավելի ազատ ես զգում ուժով և ավելի զորավոր, ինքնավստահ, մտածելակերպդ ավելի հայկական է, ազատ ես, կարիք արտահայտելդ ազատ է, մարդիկ տարբեր են, կարծիքները՝ նույնպես, աշխատանքի կողմից հույսս մեծ է, որ Հայաստանի բիզնեսի շրջանակը ավելի ընդարձակվի, իմ գործն էլ կընդարձակվի»:

Գրիգոր Ջաբաքջուրյանն էլ նշեց, որ թեև գազը և էլեկտրաէներգիան թանկացել են, այնուամենայնիվ չեն դժգոհում. «Պետք է աշխատել, և փառք Աստծո: Առաջին՝ հայրենի գետնի վրա հիմնական բանն այն է, որ դու ազատ ես, քո հայրենի հողի վրա ես, ինչո՞ւ չպետք է գոհ լինեմ, չպետք է բաղդատեմ ուրիշ երկրների հետ, լավ կողմ էլ կա, վատ կողմ էլ, կարծո՞ւմ եք՝ Սիրիայում հեշտ էր փող աշխատելը... ո՛չ, բայց աշխատում էինք, յոլա գնում, կաշխատենք, յոլա կգնանք, լավ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել