Slaq.am-ը գրում է.
1947 թ. այս օրը ԽՍՀՄ-ում չեղյալ է հայտարարվել մահապատիժը: Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումն է որպես պատիժ՝ պետության կողմից նախանշված։ Ներկայումս մի շարք երկրներում մահապատիժն անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։
Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունեն էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։
Slaq.am-ի լրագրողը փորձեց ներկայացնել մահապատժի կիրառումը աշխարհի տարբեր երկրներում: Մահապատժի ինչպիսի՞ տեսակներ են կիրառվել, ե՞րբ և ո՞ր երկրներն են չեղյալ հայտարարել այն:
Միջնադարյան Անգլիայում մարդկանց կախաղան էին բարձրացնում անգամ ամենափոքր գողության դեպքում: Էդուարդ VI-ի կառավարման ընթացքում միայն Լոնդոնյան Թայբերն շրջանում տարեկան կախաղան էին բարձրացնում 560 մարդու: Կախաղանից բացի տարբեր հանցանքների համար կիրառում էին հետևյալ պատժամիջոցները՝ գցում էին եռացրած ջրի կամ յուղի մեջ, կտրում էին քիթը, ականջները կամ լեզուն: Հանրային վերջին կախաղանն Անգլիայում կատարվել է1868 թ. մայիսի 26-ին:

Ֆրանսիայում ընդունված էր մարդկանց քառատումը: 1792 թ. մահապատիժների տեսակներին ավելացվեց ևս մեկը՝ գիլյոտինը, իսկ 1793 թ. հունվարի 21-ին գիլյոտինի ենթարկվեց Լյուդովիկ XVI-ը: Գիլյոտինի ենթարկելու եղանակով մերջին մահապատիժը կատարվեց 1977 սեպտեմբերի 10-ին: Մահապատժի ենթարկվածը թունիսցի էր, ով դաժանորեն տանջելով սպանել էր իր կողակցին՝ ավելի վաղ ստիպելով վերջինիս զբաղվել մարմնավաճառությամբ:

Գերմանիայում ավանդաբար ընդունված էր գլխատումը: Ի դեպ, գլխատման միջոց հաճախ հանդիսանում էր ոչ թե կացինը, այլ սուրը: Ընտանեկան դավաճանության համար տղամարդկանց քառատում էին, կանանց՝ ջրախեղդ անում: Գոյություն ունեին այլ պատժամիջոցներ ևս՝ հրկիզում, կենդանի թաղում և այլն:
Հիտլերը սկսեց կիրառել մահապատժի այնպիսի տեսակներ, ինչպես կախաղանն ու գիլյոտինը: 1944 թ. հուլիսի 20-ին Հիտլերի դեմ անհաջող դավադրության մասնակիցները կախաղան բարձրացվեցին. նրանց կախեցին, ոչ թե սովորական պարաններով, այլ ձիգ լարերով, ինչն ավելի էր մեծացնում տանջանքները:
ԱՄՆ-ի 38 նահանգներում այժմ էլ կիրառվում է մահապատիժ: 22 նահանգներում կատարում են մահացու ներարկումներ, 13-ում` նստեցնում են էլեկտրական աթոռին, 7-ում` կախում են, 5-ում գնդակահարում, ուղարկում գազի խցիկ: Մի քանի նահանգներում մեղադրյալն ինքն է ընտրում իր մեռնելու միջոցը: 2009 թ. մահապատժի ենթարկվածների թիվն ԱՄՆ-ում հասնում էր 106-ի: ԱՄՆ պատմության մեջ ամենաշատ մահապատիժներ գրանցվել է 1994 թ.՝ 328 հոգի:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մահապատիժների թիվը զգալիորեն նվազեց:
1978 թ. մահապատիժը չեղյալ հայտարարվեց Իսպանիայում, 1981 թ.՝ Ֆրանսիայում, 1900 թ.-ից այն ամբողջովին չեղյալ հայտարարվեց շուրջ 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Անգոլայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Հունաստանում, Վրաստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Կանադայում, Կիպրոսում, Լատվիայում, Լիտվայում, Մեքսիկայում, Նեպալում, Մոզամբիկում, Լեհաստանում, Ռումինիայում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Չեխիայում, Էստոնիայում, Շվեյցարիայում:
![]()
Մահապատժի կիրառումն աշխարհում
- Գույների կոդ.
- կապույտ. չեղյալ է բոլոր հանցագործությունների դեպքում
- կանաչ. չեղյալ է բոլոր հանցագործությունների դեպքում (բացառություն՝ հատուկ հանգամանքներ)
- նարնջագույն. օրենքով կա, բայց չի կիրառվել առնվազն 10 տարի
- կարմիր. կիրառվում է
2007 թ. կեսերին ևս 89 երկիր չեղյալ հայտարարեց մահապատիժը՝ բոլոր տեսակի հանցագործությունների համար, շուրջ 10 երկիր պահպանեցին այն՝ միայն առավել ծանր հանցագործությունների դեպքում կիրառելու համար:
Այսպիսով, ներկայումս հաշվվում է 130 երկիր, որոնք չեղյալ են հայտարարել մահապատիժը, և 68 երկիր, որոնք պահպանել և շարունակում են կիրառել այն:
2008 թ. տվյալներով ամենամեծ թվով մահապատիժներ կիրառվել են Չինաստանում (1718): Իրանում մահապատժի ենթարկվածների թիվը կազմել է 346, Սաուդյան Արաբիայում՝ 102, ԱՄՆ-ում՝ 37, Պակիստանում՝ 36, Իրաքում՝ 34: Ընդհանուր առմամբ 2008 թ. մահապատժի է ենթարկվել 2390 մարդ՝ 25 երկրներում:
Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։ Ցմահ ազատազրկումը մարդու ազատազրկումն է անժամկետ պատժաչափով, որի դեպքում դատապարտյալի համար նախատեսվում է պարտադիր ազատազրկում կրելու չափ (ՀՀ-ում 20 տարին է), որը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է ներում ստանալու դիմում ներկայացնել: Հանձնաժողովը, հաշվի առնելով դատապարտյալի հետ տարված աշխատանքը, պատժի կրման տարիներին նրա վարքագիծը՝ եթե գտնի, որ դատապարտյալը հասարակության համար վտանգ չի ներկայացնում ազատության մեջ լինելու դեպքում, այլ հանցագործություն չի կատարի, այսինքն` ուղղվել է, պատրաստ է վերադառնալ հասարակություն, կարող է նրան վաղաժամ ազատել:
Նյութը պատրաստեց Սաթինե Թադևոսյանը