Armtimes.com-ը գրում է.
Նախօրեին Իրանում եւ իսլամական այլ երկրներում մեկնարկել է Նովրուզը, եւ դրա հետ կապված մի քանի օր առաջ սկսվել են իրանցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան:
Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին եւ տեւում 13 օր: Ամեն տարվա այս շրջանում Հայաստանն ընդունում է բազմահազար իրանցի զբոսաշրջիկների, միջինը՝ թվով 20-25 հազար, ովքեր նախընտրում են այդ տոնն անցկացնել հայրենիքի սահմաններից դուրս: Բանն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում շատ արգելքներ կան, մասնավորապես` արգելվում է ալկոհոլի օգտագործումը եւ, այդ երկրի օրենսդրության համաձայն, ալկոհոլ օգտագործել թույլատրվում է միայն քրիստոնյաներին, այն էլ՝ միայն տանը: Պարսիկներին ալկոհոլի օգտագործումը խստիվ է արգելվում, անգամ կախաղան է հասնում: Իրանում նաեւ գիշերային ակումբներ չկան, եւ այս է պատճառը, որ Նովրուզի օրերին պարսիկները գալիս են Հայաստան՝ զվարճանալու:
Այս տարի Նովրուզը նշելու համար Հայաստանում են ավելի փոքրաթիվ իրանցիներ, քան նախորդ տարիներին: Խոսքը տարեցտարի արձանագրվող բացասական դինամիկայի մասին է: Պարսիկ զբոսաշրջիկներին սպասարկելու փորձ ունեցող տուրօպերատորների, հյուրանոցների գիդ-թարգմանիչներն արդեն արձանագրել են, որ այս տարի անհամեմատ քիչ տուրիստներ են այցելել Երեւան:
Մի քանի տուրօպերատորների տնօրեններ մեզ հետ զրույցում ասացին, որ իրանցի տուրիստներ տարեցտարի շատ քիչ են ունենում: «Տաթեւ-Տ.Տ.Տ.» ընկերության միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 100 տոկոսով՝ այսինքն այս տարի ոչ մի իրանցի չի դիմել օպերատորին: Թե քանիսն են նախորդ տարի օգտվել ընկերության ծառայություններից, «Տաթեւ Տ.Տ.Տ.»-ից հրաժարվեցին հայտնել: «Իրենք ձեւերը գիտեն: Գալիս են Շահումյանի հրապարակում կամ կենտրոնական ավտոկայանում իջնում, եւ զբաղվում իրենց օթեւանի հարցերով: Շատերը «Շիրակ» հյուրանոցում են իջեւանում»,-մեզ հայտնեցին «Ռիմա թրավել» ընկերությունից: Ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը ասաց, որ իրանցիները Հայաստան են գալիս կամ սեփական ավտոմեքենաներով, կամ՝ իրանական տուրօպերատորների միկրոավտոբուսներով: Նրանք արդեն սովորել են, թե փոքրիկ Երեւանում ինչն ինչպես է, սեփական ջանքերով վարձով բնակարան են գտնում, փոքրիկ տուրեր կազմակերպելու համար էլ դիմում են Երեւանի կենտրոնական փողոցներում իրենց ծառայություներն առաջարկող գիդ-թարգմանիչներին:
«Շիրակ» հյուրանոցում միշտ էլ մեծ թվով իրանցիներ են իջեւանել: Սակայն, հյուրանոցի ադմինիստրացիայից ի պատասխան մեր հարցի, թե ինչպիսի դինամիկա կա այս տարի, պատասխանեցին. «Ոչ մի դինամիկա էլ չկա»: Մեր հարցին՝ աճ չկա՞, ադմինիստրատորը պատասխանեց. «Ոչ աջ կա, ոչ էլ ձախ: Իրանցիները սենյակներ են վարձակալում, բայց նախորդ տարիների նման չեն գալիս: 2012-ին վիճակը լավ էր: Իսկ նախորդ տարի մենք 3 ավտոբուս էինք սպասում, բայց 1-ն եկավ»:
Պատճառների մասին զրուցեցինք հենց զբոսաշրջիկների հետ, որոնց ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Երեւանի կենտրոնում: Նրանք ասում են՝ Երեւանը թանկ քաղաք է, եւ զուտ ֆինանսական տեսանկյունից նախընտրելի է Թբիլիսին: Իրանցիները նաեւ դժգոհում են Երեւանում հասարակական զուգարանների բացակայությունից, դժգոհ են տաքսիստներից, որ մեծ գումար են շորթում մի քանի կիլոմետր Երեւանով պտտելու դիմաց: Իրանցիների հետ աշխատող գիդ-թարգմանիչ Ինեսա Շաղիկյանը Նովրուզի շրջանում եւ ամռանը Հանրապետության հրապարակից Իրանից ժամանած տուրիստական խմբեր է տանում Երեւանի տեսարժան վայրեր: Նրա գործն էլ է պակասել: Այժմ թարգմանիչների գործին «խփում են» այստեղ ժամանակավոր ապրող պարսիկները: Նրանք իրենք են իրենց հայրենակիցներին տուրիստական երթուղիներ առաջարկում, միայն թե փող աշխատեն:
Նովրուզի շրջանում, ինչպես ցույց տվեց Հանրապետության հրապարակում իրականացրած մեր դիտարկումը, Երեւանում զարգանում է մարմնավաճառությանը: Մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով իրանցիներ են «կպցնում» հայ մարմնավաճառները: Պատկերը հետեւյալն է՝ հրապարակում խմբված են իրանցի զբոսաշրջիկներ եւ հայ մարմնավաճառներ: Եթե բանակցություններից հետո համաձայնության են գալիս՝ լավ, եթե ոչ՝ յուրաքանչյուր կողմը շարունակում է իր ճաշակին հարմար տարբերակի սպասել: Երբ հրապարակ է մտնում իրանցիների նոր խումբ, մարմնավաճառները նորից բանակցությունների մեջ են մտնում:
Իրավիճակին տեղյակ թարգմանիչներից մեկն ասաց, որ այս տարի իրանցի զբոսաշրջիկների այցելությունից նորմալ եկամուտ միայն մարմնավաճառներն ունեն՝ 25-30 հազար դրամ են ստանում իրենց ծառայության դիմաց:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, 2010-ին թվականին Իրանից Հայաստան է այցելել 120 հազար զբոսաշրջիկ, 2011-ին՝ 134 հազար, 2012-ին՝ 111 հազար, իսկ 2013-ին՝ 94 հազար: Վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում, ընդ որում՝ նաեւ Նովրուզի շրջանում, իրանցի զբոսաշրջիկների այցելության դինամիկան հետեւյալն է. 2010 թվականին Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 28 հազար 500 զբոսաշրջիկ, 2011-ին՝ 32 հազար, 2012-ին՝ 22 հազար եւ 2013-ին՝ 17 հազար: Այստեղ, իհարկե, որոշակի դեր ունի նաեւ Իրանի տնտեսական վիճակը, բայց առավելեւս այս ֆոնին է Երեւանը թանկ քաղաք դառնում հարեւան երկրի զբոսաշրջիկների համար:



