«60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել: Հանգիստ, դանդաղ եմ քշել, իմ շատ ընկերները մոխիր են դարձել, որովհետև արագ են քշել»,- պատմում է 78-ամյա տաքսիստ Էդվարդ Մարտիրոսյանը:
Նա 18տ.-ից բանակ է գնացել, որտեղ էլ և սովորել է մեքենա վարել. «Դրանից դենը ինչ տիպի մաշինա ասես, քշել եմ, ավտոբուս էլ եմ քշել: Էն ժամանակ տաքսի կարայիր քշել, մենակ, եթե յոթ տարի քաղաքի ավտոբուս ես քշել, բայց քանի որ ես հիվանդացել էի, էլ չէի կարող ավտոբուսը քշել, ինձ տաքսի շուտ տվեցին»:
Բազմամյա փորձ ունեցող վարորդը սիրում է համեմատել Խորհրդային Միության և անկախության տարիները:
Էդվարդը Մարտիրոսյանը հպարտությամբ է հիշում, որ Խորհրդային Միության տարիներին նա Վանաձորում ճանաչվել է համար առաջին տաքսիստը. «Սովետի ժամանակ Կիրովականի տաքսամատորնին շահեց առաջին տեղը, ինձ էլ որպես առաջին տեղ գովանասագիր տվեցին մինիստրի կողմից: Մինչև հիմա տանը դրած է»:
Իսկ այժմ տարիքն իրենն ասում է. «Հիմա արդեն սերվիսում չեմ կարող քշել, քիչ եմ քշում, շուտ փախչում եմ, տուն գնում: Կինս էլ ինձ լավ է նայում, ոտքերիս տակ գրելկա է դնում… մեծացել եմ էլի»:
Տաքսիստների մի քանի սերունդ տեսած վարորդը այժմյան տաքսիստներից շատ է դժգոհ. «Հմիկվա ջահելները թավաքյալի քշում են, դրա համար էլ ավարիա են տալիս, Գագիկ Շամշյանն էլ գալիս, նկարում է: Առաջ ծանրակշիռ մարդիկ էին, հո էս լակոտների նման չէին, ջահելների 40%-ը ավազակներ են, իսկ էն ժամանակ խելոք էին»:
Էդվարդ Մարտիրոսյանը հիմնականում կանգնում է Արցախ պուրակի կանգառի մոտ և այսքան տարում բազմաթիվ մարդկանց է հասցրել ճանաչել. «Մանկավարժականումը լիքը մարդ, ռեկտորից սկսած, ինձ չեն մերժի, որովհետև իրենց հետ մարդկային եմ եղել,- հպարտորեն ասում է փորձառու տաքսիստը և հայտնում իր հաջողության բանալին. «Վարորդը պիտի կուլտուրական լինի, չափած-ձևած, նա կլիենտին չպիտի տարբերի իր ընտանիքից, մարդկային պիտի լինի»:
Նյութի աղբյուր՝ http://manepapyan.blogspot.com/2014/03/60.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



