Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
Ու թոթովեց բառ մի՝ «արա՜»...
Հենց այդ մի բառով էլ ագրեսիան սկսեց բույն դնել ոչ միայն մեր մանկիկի շուրթերին այլեւ հոգում:
Հետո շատ շուտ, թերեւս երկու երեք տարեկանում պապան ու մաման, տատիկն ու պապիկը, քեռին ու հոպարը միահամուռ ուժերով հասկացրեցին նրան, որ լացը հատուկ է միայն «զռռան» աղջիկներին:
Միեւնույն ժամանակ սովորելով եւս մեկ այլ, այսպես ասած, ճշմարտություն՝աղջիկները «թույլ սեռից» են: Ուստի պետք է զսպել սեփական զգացմունքները , որպեսզի թույլ սեռի շարքին չդասվել :
Իսկ երբ նա անարցունք, ուժեղ տղա դարձավ, ստացավ նվերներ՝ ավտոմատներ տարբեր տրամագծերի ու չափսերի:
Այդ օրվանից նրա մատի ծայրն անգամ չդիպավ քրոջ փափուկ խաղալիքներին , քանզի այդ քայլը իր եւ այլոց կողմից կընկալվեր որպես ղզիկության դրսեւորում եւ աններելի հանցագործություն:
Հետո նա սկսեց զզվել վարդագույնից: Խանութում, բակում ու ավտոբուսում, տանն ու մանկապարտեզում ,ամենուր նույն խոսքն էր՝ վարդագույնը աղջիկների գույնն է:
Մինչ դպրոց գնալը այնքան էր «չի կարելի» լսել, որ ինքնահաստատվելու կիսատ փորձերը որոշեց դպրոցում լրացնել:
Դպրոցում ինքնահաստատման փորձերի ժամանակ հասկացավ ,որ սուտ խոսելով, մանիպուլացիա անելով ու թույլ դասարանցիներին ճնշման ենթարկելով է միայն հնարավոր հաստատվել որպես « լավ տղա»:
Իսկ լավ տղան դպրոցում գերազանց գնահատականներ ստացավ միայն «ագրեսիայի» առարկայից:
Այս խիստ «հայեցի» դաստիարակության պրոցեսում հայրը դարձավ նրա երազած կերպարը: Մայրիկից այնքան էր լսել «հորդ կասեմ» բառակապացութունը, որ հայրը վերածվել էր ֆիզիկիական ուժի ու ագրեսիայի մարմանվորում:
Տասներորդ դասարանում, երբ առաջին պապիրոսը դրեց շուրթերի արանքն ու վառեց դա, ինքն իրեն լիարժեք տղամարդ համարեց , իսկ նրա այս քայլը ընտանիքի կողմից շատ արագ ընկավեց որպես տղայական բնական պահանջ:
Հետագային մայրը շաբաթը մի քանի անգամ զգուշացրեց դստերը՝«ախպորդ կասեմ», եւ դա շատ դուր եկավ ինքնահաստատման ճանապարհը բռնած մեր հերոս «ախպորը»:
Ծառայությունից հետո ծնողները նրան մեկ տարի ժամանակ տվեցին, որպեսզի մի լավ հանգստանա: Այդ ժամանակահատվածում հայրը դրսում իսկ մայրիկը խոհանոցում աշխատում էին բացառապես նրա գրպանային եւ ստամոքսային կարիքները հոգալու համար:
Մեկ տարվա ընթացքում նա տիրապետեց տղավարի քայլելու, տղավարի գոռալու, տղավարի խմելու, տղավարի քրֆելու, տղավարի թքելու, տղավարի՝ քրոջ շփումները դրսի աշխարհի հետ սահմանափակելու, տղավարի կռվելու, տղավարի լոպազելու, տղավարի Թաթուլ լսելու , տղավարի փողոցներում քարշ գալու բոլոր հնարքները:
Մեկ տարին դարձավ երկու տարի ու ձեւավորվեց քուչի տղի նոր իմիջը հետեւյալ բաղադրիչներով՝թել թել չոլքա, սեւ սառուշկա, սեւ շլվար, սեւ կոշիկ, սեւ գուլպա, ոսկե ժնջիլ, եւ ամենակարեւորը՝թարախ հայացք....
Մուննաթախառը թարախոտ հայացքով էլ ամուսնացավ, որ բազմացնի իր նման հայ տղեքի տեսակը:
Բայց քանի որ մանկուց նրա մեջ ատելություն էին սերմանել «թույլ սեռի» հանդեպ, շաբաթը գոնե մի անգամ սեփական կնոջ գլխին հարվածելով եւ քֆուրներ հասցեագրելով վերջինիս մայրիկին, փորձում էր հիշեցնել իր՝ «ուժեղ սեռին» պատկանելու անմոռանալի փաստը :
Եւ այս ամենը հարազատ մոր ու տատիկի սովորական հայացքի եւ հորդորների ներքո՝ դեհ տղամարդ ա էլի՛, բա չքֆրի՞:
Քիչ էր մնում մայրը բերան բացեր ու արտասաներ՝
Բա՛ց շուրթերդ, քրֆիր անգի՛ն,
Ժիր դայլայլիր իմ սիրասուն
Թող քֆուրդ հարստացնի
Մեր ալեհե՜ր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ...
Ահա մեր ժամանակների հերոսներից մեկի պատմությունը, որն ապրում է մեր կողքին, մեր հարեւանությամբ, մեր տանն ու թերեւս մեր մեջ:
Նրանք ներկա հասարակության մասնիկներն են, որոնք ծնվում, մեծանում են ոչ թե հարեւան երկրում , այլեւ մեր հայկական օջախներում, դպրոցներում ու բակերում , որպես հայ տղու հալալ զուլալ կերպար, այնպես ինչպես Գարիկ Մարգարյանը, որը խլեց բժիշկ Վահե Ավետյանի կյանքը:
Ասում են «Յուրաքանչյուրս կարող ենք Վահե Ավետյան լինել»:
Ես կավելացնեի՝ յուրաքանչյուրս կարող ենք նաեւ Գարիկ Մարգարյան լինել: