Aravot.am-ը գրում է.
Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլեւ, կարծում եմ, դատել: Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը: Այս նստաշրջանում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը: Փաստարկը` «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում` նոր կամայականությունները հնարավոր չէ արդարացնել հին կամայականություններով: «Կարմիր գծերով» վճարովի ավտոկանգառների հարցում ընդդիմությունն իրավացի է մասամբ: Իհարկե, մեքենաները չպիտի կանգնեն՝ որտեղ ցանկանան, եւ հատկապես Երեւանի կենտրոնում կայանելը պետք է գին արժենա: Բայց վճարովի կայանատեղիների տերերը պետք է որոշակի ներդրումներ անեն, ոչ թե գումարները ստանան կարմիր ներկի համար: Մասնավորապես, տեղադրեն ապարատներ, որոնք կտրամադրեն կտրոններ: Թե չէ՝ հույսը դնել SMS-ների վրա՝ առնվազն անբնական է. ես գիտեմ իմ տարիքի եւ ինձնից տարիքով մարդկանց, որոնք SMS ուղարկել չգիտեն:
Արագաչափերի եւ տեսախցիկների հարցում ընդդիմությունը, կարծում եմ, սխալ է: Ես, օրինակ, ուրախանում եմ, երբ դրանք տեսնում եմ. եւս մի «շտապող տաքսիստ», եւս մի «ֆիքստուլ» կամ «հաբռգած» գոնե այդ տարածքում իրեն զուսպ կպահի: Հասկանում եմ, որ այս հարցում ես իմ համաքաղաքացիների շարքերում փոքրամասնություն եմ կազմում, բայց կասեմ, քանի որ խնդիր չունեմ պայքարելու տաքսիստների եւ այլ անկարգ վարորդների քաղաքական համակրանքի համար:
Պարզ է, որ հայաստանցիների համար օրենքը շրջանցելը հերոսության նման մի բան է: Եվ մեր վարորդների ճնշող մեծամասնությունը կցանկանար քշել օրենքի վրա թքած ունենալով, իսկ բռնվելու դեպքում «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանների հետ: Ահա նրանց` տեսախցիկների եւ արագաչափերի դեմ բողոքելու միակ պատճառը: Բայց արդյոք քաղաքական գործիչները, պատգամավորները պե՞տք է հագուրդ տան այս օրինախախտ «ասիական» ձգտումներին` վարկանիշ վաստակելու համար
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



