1in.am-ը գրում է.

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: 
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները և համաձայնեցվեց Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: 

Փաստաթղթում գնահատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները` դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ և Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ: Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի` ռազմավարական պլանավորման նկատառումների և ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում: 

Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գերատեսչություններին համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն է հայտնեց, որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաև ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել