Լուսանկարիչ Ջերեմի Հորներն ասում է, որ ինքը խառնվածքով քոչվոր է: Մասնագիտությամբ երկրաբան Ջերեմին 1987 թ.-ին շրջում էր Հիմալայներով՝ փորձելով ինքնուրույն յուրացնել լուսանկարչության նրբությունները: Այնտեղ ստեղծված լուսանկարների շարքը հրատարակվեց Հոնկոնգում՝ սկիզբ դնելով Ջերեմիի լուսանկարչական հաջող կարիերային: Նա արդեն 25 տարի՝ զբաղվում է լուսանկարչությամբ և իր գործունեության ընթացքում այցելել է մոտ 90 երկիր: Նրա լուսանկարները միշտ պահանջված են եղել այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են Life-ը, National Geographic-ը, Newsweek-ը, The Telegraph-ը և The Sunday Times-ը: Ջերեմին մոտ 20 հանձնարարություն է կատարել UNICEF-ի համար: Նա վեց տարի անցկացրել է, ուսումնասիրելով Լատինական Ամերիկան, և հրատարակել է մի քանի գիրք՝ «Ապրող ինկերը», «Կոլումբիայի կյանքը և ֆիեստաները. Կոլումբիայի տոնակատարությունները և ծիսակատարությունները», և այլն: Նա մասնակցել է լուսանկարչական մի շարք միջազգային նախագծերի և մեծ հաջողություն ունեցել դրանցում: Նրա մասին ավելի իմանալու համար կարող եք կարդալ ստորև ներկայացված հարցազրույցը:
- Ինչպե՞ս սկսեցիք լուսանկարչական Ձեր ուղին:
-Երբ դեռ փոքր երեխա էի, ես միշտ հիանում էի National Geographic-ի էկզոտիկ լուսանկարներով: Դեռ այն ժամանակ գիտեի, որ մի օր ճանապարհորդելու եմ: Համալսարանի առաջին կուրսում ես գնացի Koyaanisqatsi (թարգմանաբար՝ Կյանքը թոհուբոհում) կինոնկարը դիտելու: Այդ կինոնկարը մեծ էկրանով տեսնելը ինձ համար ազդեցիկ փորձառություն էր: Կինոնկարում Ֆիլիպ Գլասի երաժշտության ներքո ցուցադրվում էին Ամերիկայի տպավորիչ բնապատկերները: Երբ կինոթատրոնից դուրս եկա, գիտակցեցի, որ կյանքումս կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Այդ պահից սկսած ես հասկացա, որ պետք է ֆոտոխցիկի միջոցով արձանագրեմ շրջակա աշխարհի իրադարձություններն ու երևույթները, ոչ թե լոկ ուսումնասիրեմ այն: Դա տարօրինակ էր, քանի որ ես անգամ ֆոտոխցիկ չունեի: Փոխարենը իմ ընկերուհին ուներ: Այսպիսով՝ ես տեսաժապավեն գնեցի և որոշեցի հանգստյան օրերին լուսանկարել իմ տան շրջակայքը:

- Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել վավերագրական/ճանապարհորդական լուսանկարչությամբ: Ինչպիսի՞ երազանքներ ունեք:
- Համալսարանն ավարտելուց հետո ես որոշեցի ընկերոջս հետ ճանապարհորդել Ամերիկայով: Տարվելով Կոլորադոյի, Վայոմինգի, Յուտայի և այլ վայրերի բնապատկերներով՝ ես սկսեցի ճանապարհորդության ընթացքում լուսանկարներ անել: Երբ ճանապարհորդությունս ավարտվեց, և ես վերադարձա Լոնդոն, ես ապշած էի: Ես ապշած էի իմ իսկ լուսանկարներով, սակայն չգիտեի, թե արդյո՞ք դրանք կապշեցնեն որևէ այլ մարդու: Ես ընտրեցի լավագույն լուսանկարները և պրոֆեսիոնալ լուսանկարիչներին խնդրեցի այդ լուսանկարների մասին իրենց կարծիքը հայտնել: Նրանք միաձայն վճիռ կայացրին. ես պետք է լուսանկարիչ դառնայի: Ես լուսանկարչի ասիստենտի աշխատանք ստացա և սկսեցի սուրճ պատրաստել մոդելների համար և այս կարգի ծառայություններ մատուցել, մինչև որ հասկացա, որ ես չեմ ցանկանում լուսանկարչական ստուդիայում աշխատել: Մի քանի ամսից ես բավականաչափ գումար էի հավաքել, որպեսզի կարողանայի ճանապարհորդել դեպի Ասիա: Նախ ես որոշ արկածներ ունեցա Հնդկաստանում, այնուհետև ուղևորվեցի Նեպալ և այնտեղ բնապատկերներ լուսանկարեցի: Ես գնացի Հոնկոնգ, ապա Չինաստան: Իմ ճանապարհորդությունը լուսանկարչության աշխարհում մինչ օրս էլ շարունակվում է: Ներկայումս իմ երազանքն է շարունակել աշխատել իմ սիրած նախագծերի վրա և ապահովել իմ ստեղծագործությունների տարածումը: Ես նաև ցանկանում եմ իմ սեփական պատկերասրահը հիմնել և մի օր այնտեղ վաճառել իմ ստեղծագործությունները, ինչպես նաև ուսուցողական սեմինարներ անցկացնել:
- Ամեն տարի որքա՞ն ժամանակ եք տրամադրում ճանապարհորդություններին: Ո՞ր երկիրն եք սիրում և ինչո՞ւ:
- Ես տարվա 3-4 ամիսն անցկացնում եմ ճանապարհորդելով: Ես սիրում եմ աշխատել Հնդկաստանում, քանի որ այս երկիրը գեղեցիկ ու անկանխատեսելի բնություն և հարուստ գունապնակ ունի: Ես սիրում եմ աշխատել այնպիսի վայրերում, որոնք աչքի են ընկնում պատմական ճարտարապետությամբ:

- Երբ հետադարձ հայացք եք գցում Ձեր աշխատանքին, Ձեր ստեղծագործություններից որո՞նք են ամենից խորը տպավորություն գործում Ձեզ վրա:
- Ես հպարտանում եմ Անդերում ստեղծված իմ գրքով, որը նվիրված է ինկերի մշակույթի մնացորդների լուսաբանմանը: Այժմ այն իրոք պատմական փաստաթուղթ է, քանի որ այնտեղի համայնքներից շատերի անդամները ներկայումս բեյսբոլի գլխարկներ են կրում և հաղորդակցվում են բջջային հեռախոսներով: Ժամանակը շատ արագ է անցնում, և մոդերնիզացիան իր կնիքը թողնում է մարդկանց ապրելակերպի վրա:
- Ի՞նչն է մոտիվացնում Ձեզ և ինչպե՞ս եք կարողանում թարմություն հաղորդել Ձեր լուսանկարչական աշխատանքներին:
- Իմ մոտիվացիան ժամանակն է: Որքան ավելի եմ ծերանում, այնքան ավելի հստակ եմ գիտակցում, որ կյանքը կարճ է, և գնալով ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում աշխատանքի մեջ իմ ունեցած փորձը ներդնելու համար: Ես փորձում եմ զգոն լինել և, որ ամենակարևորն է, ճկուն լինել ու հարմարվել փոփոխություններին: Ես ձգտում եմ բավականաչափ ժամանակ տրամադրել լուսանկարելուն, լուսանկարները խմբագրելուն, կատարված աշխատանքը վերլուծելուն և կատարելագործելուն:

- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ երիտասարդ ու խոստումնալից լուսանկարիչներին, որոնք իրենց առաջին քայլերն են կատարում լուսանկարչական ասպարեզում:
- Հետևեք Ձեր տարերքին և Ձեր ներքին ձայնին: Փորձեք հանդիպել այն լուսանկարիչների հետ, որոնցով հիանում եք, և խորհուրդ ստանալ մասնագետներից: Զբաղվեք նաև ինքնակրթությամբ: Փորձեք վայելել լուսանկարչական աշխարհի ձեր ճանապարհորդությունը:
- Ո՞րն է Ձեր լուսանկարչական գործունեության ամենաերջանիկ պահը:
- Երևի թե «Կոլումբիայի կյանքը» գրքիս հրատարակումը: Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի (29 տարեկան) և ծովը ծնկներիցս էր: Գիրքս հրատարակվեց Ճապոնիայում և մեծ հաջողություն ունեցավ:













Ձեզ կարող է դուր գալ նաև Մուրալիդհարան Ալագարի ճանապարհորդական լուսանկարների շարքը:



