
Այս հոդվածում ներկայացված են աշխարհի ամենասքանչելի փողոցները: Այս բացառիկ փողոցները լի են բյուրավոր հրապույրներով, որոնք շարունակում են գրավել ինչպես տեղացիների, այնպես էլ արտասահմանցիների ուշադրությունը: Եթե ճանապարհորդություն եք ծրագրում, անպայման այցելեք այս ցանկում ընդգրկված երկրները և հիացեք այս սքանչելի փողոցների գեղեցկությամբ:
1 Ելիսեյան դաշտեր, Ֆրանսիա

Ելիսեյան դաշտերը համարվում է աշխարհի ամենափառահեղ փողոցներից մեկը: Այստեղ արտացոլված է Փարիզի ողջ շքեղությունը: Դեռ ավելին, Ելիսեյան դաշտերը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Այս փողոցում կան մի շարք հայտնի կոթողներ, ինչպիսին է, օրինակ, Հաղթանակի կամար հուշարձանը: Ելիսեյան դաշտերում կան նաև մի շարք խանութներ, սրճարաններ և բուտիկ-հյուրանոցներ:
2 Ռամբլա, Իսպանիա

Բարսելոնայի կենտրոնական այս փողոցը միշտ բանուկ է: Ռամբլան աչքի է ընկնում խորհրդանշական գեղեցկությամբ: Սրճարաններով, բարերով, ռեստորաններով, խանութներով ու փողոցային երաժիշտներով լեցուն այս փողոցը ողջ Եվրոպայի ամենատեսարժան վայրերից մեկն է: Նրանք, ովքեր զբոսնում են այս փողոցով, ցանկանում են, որ իրենց զբոսանքը հավերժ ձգվի:
3 Լաս Վեգաս-Սթրիփ, ԱՄՆ

Նևադա նահանգում գտնվող այս փողոցը հայտնի է իբրև աշխարհի ամենալուսավոր փողոցը: Այն հայտնի է ողջ աշխարհում իր լուսավորված ցուցանշաններով, շքեղ հյուրանոցներով և, իհարկե, կազինոներով: Ողջ աշխարհից զբոսաշրջիկները ժամանում են այստեղ՝ գնումներ կատարելու, շոուների այցելելու և արկածներ որոնելու:
4 Նանկինյան փողոց, Չինաստան

Նանկինյան փողոցը գտնվում է Շանհայում: Այն վաղուց համարվում է Չինաստանի ամենահայտնի փողոցներից մեկը, որն աչքի է ընկնում խանութների աննախադեպ առատությամբ: Նանկինյան փողոցի երկարությունը 6 կմ է: Այստեղ կարելի է գնել ցանկացած բան՝ սկսած հնաոճ իրերից մինչև սննդամթերք: Այս փողոցում կան նաև մի շարք հյուրանոցներ ու ռեստորաններ: Ասում են, որ ամեն օր մի միլիոն մարդ է այցելում այս փողոց:
5 Վիա Դոլորոսա, Իսրայել

«Վիա Դոլորոսա» թարգմանաբար նշանակում է «սգո ուղի»: Վիա Դոլորոսան գտնվում է Երուսաղեմում: Այս ճանապարհով է անցնում այն երթուղին, որով Քրիստոսն ընթացել է դեպի այն խաչը, որի վրա նրան խաչել են: Աշխարհի տարբեր երկրների բազում բնակիչներ ամեն տարի այցելում են կրոնական հուշարձաններով ու տեսարժան վայրերով հարուստ այս քաղաքը:
6 Նևսկի պողոտա, Ռուսաստան

Այս պողոտայի նախագծի հեղինակը Պետրոս I-ն է: Այն գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Այս շքեղ պողոտան հայտնի է իր պատմական նշանակությամբ: Նևսկի պողոտան պատկերվել է Դոստոևսկիի «Ոճիր և պատիժ» գրքում: Այն գրավել է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց ուշադրությունը: Նևսկի պողոտայում ամփոփված է Ռուսաստանի խորհրդավորությունը և արքայական շքեղությունը: Ժամանակին ցարերի նստավայրը հենց Սանկտ Պետերբուրգում էր գտնվում: Այստեղ կարելի է տեսնել փառահեղ տաճարներ, ամրոցներ և այլ ճարտարապետական կոթողներ:
7 Բրոդվեյ, ԱՄՆ

Բրոդվեյը հինավուրց փողոց է, որն առաջին հերթին ասոցացվում է թատրոնի հետ: Այս փողոցով է անցնում Նյու Յորքի կենտրոնակաան զբոսայգին: Բրոդվեյ փողոցում կան մի շարք կարևոր շինություններ, ինչպիսիք են Վուլվորթ-Բիլդինգը, Ալեքսանդր Համիլտոնի ամերիկյան մաքսատունը, Երրորդության եկեղեցին և այլն: Եթե Նյու Յորքում լինեք, անպայման այցելեք Բրոդվեյ:
8 Վիա Ափիա, Իտալիա

Վիա Ափիան հռոմեական հնագույն ճանապարհներից է: Այն մինչ օրս էլ շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի ճանապարհներից մեկը: Վիա Ափիայի մի մասը ներկայումս օգտագործվում է իբրև երթևեկելի ճանապարհ, սակայն փողոցի մեծ մասը փլատակների մեջ է: Այնուամենայնիվ, անգամ այդ փլատակներն են գրավում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց ուշադրությունը: Վիա Ափիան նաև հնագիտական պեղումների անցկացման վայր է հանդիսանում: Այս փողոցով զբոսանքն այնքան տպավորիչ է, որ դրա հետ կապված հիշողությունները երբևէ չեն մթագնում: Հռոմեական ճարտարապետության բարձր որակը վառ արտացոլված է այս փողոցի դասական դիզայնի մեջ:
9 Պասեո դե լա Ռեֆորմա, Մեքսիկա

Պասեո դե լա Ռեֆորման հայտնի է ողջ աշխարհում: Այն նախագծվել է Եվրոպայի հայտնի զբոսայգիների նմանությամբ: Այստեղ է գտնվում Ազգային ամրոցը և մի շարք արձաններ, որոնք քանդակվել են Մեքսիկայի հերոսների պատվին: Այդ արձաններից ամենահայտնին «Անկախության հրեշտակն» է: Այս փողոցում կան նաև շքեղ հյուրանոցներ և սրճարաններ: Մի խոսքով, ճանապարհորդությունը դեպի Մեքսիկա թերի կլինի, եթե չզբոսնեք այս սքանչելի փողոցով:
10 Պիկադիլի հրապարակ, Միացյալ Թագավորություն

Պիկադիլիի հրապարակը Լոնդոնի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այստեղ են գտնվում մի շարք գիշերային ակումբներ, թատրոններ և հուշակոթողներ, որոնք լայն ճանաչում ունեն ողջ աշխարհում: Պիկադիլի հրապարակը միշտ բազմամարդ և լուսավոր է լինում: Լոնդոնում հաճախ կարելի է տեսնել զբոսաշրջիկների, ովքեր շտապում են նստել Լոնդոնի երկհարկանի ավտոբուսները և դրանցով ուղևորվել Պիկադիլի հրապարակ:



