Հուլիսյան կիրակի օր էր:

Վիեննայի ժամանակը երկու ժամով հետ է երևանյան ժամային գոտուց, այդ պատճառով առավոտյան շատ շուտ էի արթնանում:

Այդ օրը, սակայն, սովորականից ավելի շուտ արթնացա: Այս անգամ եկեղեցու բարձր զանգերից:

Կոնտինենտալ հյուրանոցը, ուր ապաստանել էի, ընդամենը մեկ մայթով էր բաժանվում Մարիահիլֆեր քիրշե եկեղեցուց:

Պատուհանս բաց էր: Իսկ եկեղեցու զույգ բարձր գմբեթներից հնչող կոչը ուղղակի սենյակ էր լցվում:

Զանգերը կանչում էին առավոտյան պատարագի: 

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ես անպայման աշխատում եմ ներկա լինել տեղի եկեղեցիների որևէ պատարագին:


Այսօր առիթը ինքն էր եկել:

Մարիա Հիլֆեռ Քիրշե եկեղեցին

Առավոտյան փողոցները մարդաշատ չէին: Չնայած, որ Վիեննան 1.7 մլն-ոց մայրաքաղաք է, օդը շատ մաքուր էր` նման էր մեր դիլիջանյան օդին:

Տարեց պատկառելի տղամարդիկ, կանայք, ինչպես նաև երիտասարդներ շտապում էին ժամերգության:

Եկեղեցու ներսը շքեղ էր:

Եկեղեցու ներսում

Ներսում փոքրիկ կլոր մոմերը անվճար դրված էին սեղաններին: 
Ցանկացողները ինքնուրույն վերցնում և դրամը գցում էին պահոցի մեջ:

Ամեն մի նստարանի դարակում կարմիր աստվածաշունչ էր դրված:
Պատարագի յուրաքանչյուր մասնակից, բացում էր քահանայի արտասանվող մասի էջը և ձայնակցում ընդհանուր աղոթքին:

Անմիջապես մուտքի վերևում մեծ երգեհոնն էր:

Երգեհոն

Ես ներսում նստեցի ազատ վերջին նստարանին: «Հայր մեր»-ից հետո քահանան սկսեց կարդալ Սուրբ գրքից հատվածներ:

Ներկաները ուշադիր հետևում էին նրան՝ թերթելով իրենց նստարաններից հանված ավետարանները:

Հոգևորականը ընթերցում էր գերմաներեն: Որոշ աղոթքներ լատիներեն էին:

Բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի էին կանգնում և խաչակնքվում:
Կաթոլիկները, ի տարբերություն ռուսների, մեր նման ձախից աջ են խաչակնքվում:

Դիմացիս տատիկը շրջվեց և ինչ-որ բան հարցրեց ինձ:
Ես անգլերեն հարցրեցի, թե ինչ է ասում:
Նա հասկացավ, որ գերմաներեն չգիտեմ, և հարցրեց՝ որտեղից եմ եկել:
Ասացի` I am from Armenia.

Այդ Արմենիա բառը նրան ոգևորեց: Դեմքը անմիջապես պայծառացավ, և ասաց,
«Armenia, Great Country. Christian Country»
Եվ գրկախառնվեց ինձ:
Անակնկալի եկա:

Այդ պահին առաջին անգամ ես զգացի, որ մենք հայերս միայնակ չենք այս աշխարհում: Որ մենք մեծ քրիստոնեական աշխարհի մի մաս ենք:

Ես ուրախ էի, որ մեր նախնիները հեռատեսորեն մեզ միաձուլել են համաշխարհային քաղաքակրթության կրոնին: Թեև ազգությամբ տարբեր, սակայն եվրոպացիների հետ մենք էլ ընդհանուր կապող բան ունենք:

 



Հայաստանյան մեկուսացված և փակուղային իրականությունից հետո այդ զգացմունքը հիանալի էր: 

Այն էլ Հայաստանից այդքան հեռու, սակայն մտերիմ Ավստրիայում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել